

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված Երևանում անցկացվում է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆրանս, որի արդյունքներից, կարելի է ասել, մեծ սպասելիքներ չունի հայագետ Արգամ Այվազյանը: Նրա դիտարկմամբ՝ նման համաժողովներ բազմիցս են անցկացվել, սակայն իրավիճակը չի փոխվում: Հայ ժողովրդին պատկանող մշակութային արժենքների նկատմամբ շարունակվում են վանդալիզմի դրսևորումներ: Հայագետը դժգոհել է նաև հուշարձանների հանրահռչակման նպատակով տեղադրված վահանակներից ու հուշարձանների վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերությունների աշխատանքից:
Հայաստանի տարածքում պետականորեն հաշվառված է մոտ 24 հազար հուշարձան, իսկ Արևմտյան Հայաստանի տարածքում մոտավոր հաշվարկներով դրանց թիվը հասնում է 170-180 հազարի, որոնց գերակշիռ մասը տարիների ընթացքում ավերվել է՝ անհայտ մնալով թե՛ հայագիտության, թե՛ համաշխարհային գիտական գրականության ու մշակույթի համար:
Այն, որ մեր մշակութային արժեքներին հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում բազմիցս են ահազանգել հուշարձանագետներն ու հայագետները: Նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը էլ փաստում է, որ մինչ օրս չկա պատմական Հայաստանի տարածքում և այլ երկրներում հայ ժողովրդին պատկանող հուշարձանների, դրանցից պահպանվածների վերաբերյալ հետազոտական ցանկագրություն:
Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում պետական քաղաքականության արդյունքում ավերվել են այդ տարածքում գտնվող հայկական հուշարձանները, որոնց թիվը հասնում էր մոտ 27 հազարի: Խոսքը՝ Ջուղայի խաչքարերի կործանման մասին է: «Ինչ մնացել է այսօր երկրի երեսին Արևմտյան Հայաստանի տարածքում, դարձյալ վտանգված են: Եվս 30 տարի և վթարային հուշարձանները ևս կփլուզվեն և կավիրվեն: Սա, իրոք, ցավալի խնդիր է»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը հայկական մշակութային արժեքների պահպանության հարցում հասնում է նվազագույնի, բարձրաձայնեց հայագետը: Մեր հարևան Վրաստանում հայկական եկեղեցիները վրացականացվում են, ի տարբերություն Իրանի, որտեղ 1961 թվականներից սկսած ընթանում են հայկական հուշարձանների պահպանման աշխատանքներ:
Հայագետ Արգամ Այվազյանը նկատում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մշակույթի որոշ ճյուղերի զարգացմանը զարկ տալու համար կատարվում են աշխատանքներ՝ կազմակերպվում են փառատոներ ու ցուցահանդեսներ: Իսկ հուշարձանների հանրահռչակման ուղղությամբ կատարվող քայլերը բավարար չեն:
Նախիջևանագետը դժգոհ է մշակույթի նախարարության և մի քանի դեսպանատների աջակցությամբ Հայաստանի տարածքում հուշարձանների ճանաչման համար 5 լեզուներով տեղադրված վահանակներից, որտեղ, նրա դիտարկմամբ, զետեղված է հակահայկական տեղեկատվություն:
Գուցեև անգիտակցաբար, սակայն մշակութային հակահայկական քաղաքականություն է վարվում: Բազում կոչերից հետո այսօր արդեն այդ վահանակները հեռացվում են, ասում է հայագետը: Վերանորոգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների գործունեությունն էլ այլ խնդիրներ են առաջացնում: Եթե նախկինում գործում էին գիտաարտադրական արվեստանոցներ, որոնք էլ նորոգում էին հուշարձանները, ապա այժմ լիցենզավորված կազմակերպություններն են իրականացնում նմանօրինակ աշխատանքներ:
Արգամ Այվազյանը կարծում է, որ պետք է դադարեցնել հուշարձաններն ամբողջովին վերականգնելու քաղաքականությունը, քանի որ դրանց վերանորոգման համար նախատեսված ֆոնդը գտնվում է խիստ վտանգավոր իրավիճակում: Նրա կարծիքով՝ պետք է նոր քաղաքականություն իրականացնել՝ կոնսերվացնել վթարված հուշարձանները:
Իրավիճակից դուրս գալու ճանապարհը հայագետը տեսնում է ցույցեր կազմակերպելու մեջ և հայտարարում, որ մշակույթի նախարարության ենթակայությունից պետք է հանվի հուշարձանների պահպանությունը ու դրա համար ստեղծվի նոր առանձին կառույց:




