Հասարակություն

ՍԴ- ն չի մեկնաբանում՝ ինչպե՞ս է ընդունվել կուտակային կենսաթոշակի օրենքը

lusinevasilyan

ՀՀ սահմանադրական դատարանը  հուլիսի 7-ին քննության առավ «Կուտակային կենսաթոշակների մասին » օրենքի և առնչվող ևս մոտ 10 օրենքների մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու  վերաբերյալ ԱԺ պատգամավորների դիմումը և հրապարակեց վճիռը: Դատարանը  որոշեց, որ վիճարկվող դրույթների հիմնական մասը համապատասխանում է Սահմանադրությանը, պարզապես դրանց կիրառումը պահանջում է  հաշվի առնել որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող երեք հոդվածներ դատարանը ճանաչեց  Սահմանադրությանը հակասող և անվավեր:  ՍԴ վճիռը բավականին ծավալուն է  և դիմող կողմն  առայժմ չի շտապում մեկնաբանել այն ու եզրակացություններ անել: Հստակ է միայն մեկ բան՝ ՍԴ նոր որոշումը օրենսդրական նոր փոփոխությունների առիթ կդառնա:

«Կխնդրեմ շտապողական եզրակացություններ չանել, որոշումն ու դրա մեջ ներկայացված իրավական դիրքորոշումները  ուսումնասիրել մանրամասն, հետո միայն կարծիք հայտնել», ՍԴ որոշման եզրափակիչ մասի ընթերցումից հետո դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այս հորդորն ուղղեց դիմող կողմին ՝  մանրամասն ուսումնասիրել որոշումը, հետո միայն եզրակացություններ անել:

Որոշման հրապարակումից հետո նույն կարծիքին էր նաև դիմող կողմի ներկայացուցիչը ՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը , ում ձևակերպմամբ՝ Սահմանդարականը «խառը որոշում» է կայացրել.  դրանում ներկայացված իրավական դիրքորոշումները հասկանալն ու եզրակացություններ անելը  ժամանակ է պահանջում:

Որոշումը մոտ 80 էջ ծավալ ունի, այն ամբողջությամբ առայժմ չի հրապարակվել: Ըստ նախանական գնահատականների՝ պարզ է մեկ բան՝ վիճարկվող մի քանի տասնյակ հոդվածների մեծ մասը ՍԴ-ի կարծիքով համապատասխանում է Սահմանադրությանը, և բողոքարկվող հոդվածների փոքր մասն է միայն հակասհամանադրական:

Արծվիկ Մինասյանը առայժմ չի շտապում գնահատալ, թե դիմող կողմին որքանով է բավարարում որոշումը: «Եկեք շտապ եզրահանգումներ չանենք: Առերևույթ, եթե չկա կասեցում բառը կամ եթե չկան այնպիսի կտրուկ գնահատականներ , որ հակասում են Սահմանադրությանը  հատկապես սոցիալական նպատակային վճարներին վերաբերող հոդվածների մասով, կարող է թվալ, թե մեր պահանջներն այդ մասով չեն բավարարվել: Բայց ես դեռ չեմ շտապում վերջնական գնահատական տալ, թե մեր պահանջը որ մասով է բավարարվել»:

Փոխարենը՝ որոշումից հստակ է, որ Սահմանադրականը համաձայն է դիմող կողմի հետ սոցիալական վճարների հաշվարկելիս  գնաճը հաշվի առնելու մեխանիզմը փոփոխելու հարցում:  « Ըստ վիճարկվող օրենքի՝ նախատեսված էր, որ գնաճով ճշգրտվում է միայն այն գումարը, որը քաղաքացու աշխատավարձից է տարվել, և հաշվի առնված չէ, որ եթե բյուջեն հատկացում է կատարում, ապա դա էլ է համարվելու քաղաքացու սեփականությունը: Այս մասով կտրուկ և միանգամից ճանաչում է Սահմանադրությանը հակասող»:

Արծվիկ Միանասյանը կարծում է, որ ՍԴ-ի նոր որոշումը օրենսդրական նոր փոփոխությունների դաշտ է բացում: Ի դեպ՝ նախորդ  տարի էլ Սահմանադրական դատարանի որոշումը Կուտակային կենսաթոշակների մասին  օրենքում և հարակից օրենքերում ծավալուն փոփոխություններ կատարելու առիթ դարձավ : Այժմ նոր որոշումը փոփոխված օրենքի մասին օրենսդրական նոր փոփոխությունների առիթ է տալու:

«Ես վստահ եմ, որ այս 80 էջից ավելի փաստաթղթում այնքան մոտեցումներ կան, որոնք նոր օրենսդրական նախաձեռնությունների հիմք են տալիս: Մեր գլխավոր խնդիրն է, նաև «Դեմ եմ» շարժման հետ միասին, կարողանալ ուրվագծել այն հիմնական փոփոխությունները, որոնք ի վերջո մեր համատեղ պահանջած կենսաթոշակային համակարգի ուղղությամբ քայլ կլինեն»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ժառանգության» 33 պատգամավորների ստորագրությամբ էր դիմումը   ՍԴ ներկայացվել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին: Դրա քննությունը նախատեսվում էր մարտին, բայց հետսաձգվեց հայցվոր կողմի պահանջով: Կառավարությունը, ըստ Մինասյանի, անպատասխան էր թողել դիմողների գրավոր հարցումներից շատերը, և լրացուցիչ ժամանակն անհրաժեշտ էր հենց այդ պատասխաններն ունենալու համար:

Նկատենք նաև, որ դիմող կողմը ոչ Սահամանդրական դատարանին առաջարկել էր քննության առնել որ միայն բովանդակային կողմը, այլ նաև այն ընթացակարգը, որով ընդունվել է Կուտակային կենսաթոշակների մասին օերքը: Իսկ, ըստ դիմողների,  նախագիծը ներկայացվել , քննարկվել և քվեարկվել  է ընթացակարգային խախպտումներո: ՍԴ-ն այս մասով դիրքորոշում ըստ էության չի հայտնել:

Կարդացեք նաև

Back to top button