

Այն զինծառայողները, ովքեր մարտական գործողությունների կամ հերթապահության ընթացքում ստացել են վնասվածք, որը Հայաստանում վերակամնգնել եւ բուժել հնարավոր չէ, այսուհետ պետական միջոցների հաշվին կկարողանան բուժումն իրականացնել արտերկրում: Համապատասխան փոփոխություններն ու լրացումները «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում խորհրդարանի արտահերթ նիստում այսօր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Պատգամավորներն այս հարցում միաձայն էին՝ 103 կողմ առանց դեմ եւ ձեռնպահ ձայների:
Իսկ ահա երեկ խորհրդարանում քննարկված մեկ այլ հարցի՝ «Տավուշի մարզի Դիլիջան եւ հարակից տարածների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծի առնչությամբ պատգամավորները քվեարկության պահին ունեին վերապահումներ: Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց Երկիր խմբակցությունները ձեռնպահ են, օրենքի վերջնական ընդունման ժամանակ նրանց հետագա դիրքորոշումը կախված է որոշ փոփոխություններից: Բարգավաճ Հայաստանն ունի մտահոգություններ, որոնք կարելի է բաժանել 4 խմբի, հայտարարել է ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նախագծին դեմ էր Ժառանգություն խմնբակցությունը, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ուրիխանյանը, բայց փաստաթուղթը դեռեւս առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 72 կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:




