
Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքը խաղաղասեր երկրների գլոբալ ինդեքսում 6 կետով եւ այժմ 162 երկրների միջեւ գտնվում է 91- րդ տեղում։
Մեր հարեւաններից Հայաստանից առաջ է միայն Վրաստանը՝ 79- րդ տեղում։ Իսկ ահա Ադրբեջանը՝ 132, Թուրքիան՝ 135, Իրանը՝ 138- րդ հորիզոնականներում են եւ հաջորդում են մեզ։
ԵՏՄ անդամ երկրների մեջ Հայաստանն իր խաղաղասիրությամբ զիջում է միայն Ղազախստանին, որն այս ցուցակում 87- րդ տեղում է։ ԵՏՄ անդամներից Ռուսաստանը վարկանիշային աղյուսակի 152- րդ տեղում է, Բելառուսը՝ 110, Ղրղզստանը՝ 121։
Ի դեպ՝ Ուկրաինան նախորդ տարվա համեմատ իր դիրքերը զիջել է 8 կետով՝ հայտնվելով 150- րդ տեղում, իսկ ԱՄՆ- ը բարելավել է դիրքը վեց կետով՝ հայտնվելով 94- րդ հորիզոնականում։
Աշխարհի ամենախաղաղասեր երկիրը շարունակում է մնալ Իսլանդիան, նրան հաջորդում են Դանիան եւ Ավստրիան, ինչպես եւ նախորդ տարի։
Չի փոխվել նաեւ վարկանիշային աղյուսակի եզրափակող երկրների եռյակը՝ Աֆղանստանը՝ 160, Իրաքը՝ 161, Սիրիան՝ 162
Վարկանիշային աղյուսակը հրապարակել է Տնտեսության եւ խաղաղության Սիդնեյի ինստիտուտը։ Խաղաղասեր երկրների վարկանիշը 2007 թվականից կազմում է սոցիոլոգների եւ տնտեսագետների փորձագիտական միջազգային խումբը, որոնք ներկայացնում են ԱՄՆ եւ Ավստրալիայի գիտական կենտրոնները։ Խաղաղասեր երկրների վարկանիշը կազմելիս՝ փորձագետները հաշվի են առնում երկրներում բռնությունների ու անվտանգության մակարդակը, ռազմական ծախսերը, հակամարտությունները։




