
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Այս տարի «Մաթեմատիկա», «ֆիզիկա», «կենսաբանություն», «քիմիա», «ինֆորմատիկա» եւ «աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադային մասնակցել է 29 դպրոցական՝ նվաճելով 16 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի մեր դպրոցահասակ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Մրցանակակիրներին այսօր ընդունել ու շնորհավորել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ 2012 թ-ի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով մասնակից 17 երկրի հավաքականների շարքում Հայաստանը գրավել է 5-րդ տեղը: Ոսկե մեդալակիր Գեւորգ Մարտիրոսյանն ԿԳ նախարարի հետ զրույցում անկեղծացել ու պատմել է, որ կորեացիները հատկապես հայ դպրոցականներին էին համարում իրենց գլխավոր մրցակիցը: Արմեն Աշոտյանի խոսքով էլ մեր դպրոցականների նվաճած մեդալները խոսում են կրթության ոլորտի բարեփոխումների դրական արդյունքի մասին:
«Մենք մեծ հույսեր ենք կապում մեր աշակերտների հետ, հատկապես հաջողության պատմություններ արձանագրած մեր աշակերտներըմեր հպարտությունն են, մեր ուրախությունը, եւ համակարգում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունավետության լավագույն ապացույցն են»,- ասել է Արմեն Աշոտյանը հավելելով՝ «Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի օլիմպիադաներին մասնակցության բոլոր տարիների համար: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի ցուցանիշը նախկին ԽՄ երկրներ, գումարած Իրան եւ Թուրքիա աղյուսակում մենք կիսում ենք 5-7 -րդ տեղերը, ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում ենք 4-րդ տեղը, իսկ մեկ շնչին բաժին ընկնող մեդալների ցուցանիշով՝ 2-3-րդ տեղը: Ամենաբարձր ցուցանիշներն են, որոնք երբեւէ Հայաստանի կրթական համակարգը ցույց է տվել միջազգային օլիմպիական մրցույթներում»:




