

Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթի օրակարգում մի քանի տասնյակ օրինագծեր են, որոնց մի մասը վերաբերում է հարկային քաղաքականությանը: Տարվա կեսին այսպիսի նախածեր բերելը խորացնում է բացասական սպասումները, քանի որ օրինագծերից մի քանիսը հարկային բեռի ավելացում են նախատեսում, ասում է պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա այս դիտարկումը , մասնավորապես, վերաբերում է «Ակցիզային հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին:
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել ենթակցիազային ապրանքների ցանկը և վերանայել որոշ ապրանքների համար սահմանված դրույքաչափերը: Մասնավորապես՝ առաջարկվում է 10 %-ով բարձրացնել ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:
Սա, ի դեպ, բխում է ԵՏՄ անդամակցությունից. ըստ հիմնավորման՝ նպատակը Հայաստանում և ԵՏՄ շրջանակներում գործող դրույքաչափերի ներդաշնակեցումն է: Բացի այդ՝ առաջարկվում է նոր ապրանք ներառել ակցիզային հարկով հարկվողների ցանկում, խոսքը տրանսպորտային միջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազի մասին է:
«Սեղմված գազի համար առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ, ինչը նշանակում է, որ 2016 թ. հունվարի 1-ից հետո մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել նոր հարկ այս գազասպառման համար: Մեր հաշվարկներով ՝ մոտ 200 դրամ յուրաքանչյուր լիցքավորման դեպքում: Սա լուրջ բեռ է: Մյուս փոփոխությամբ էլ կառավարությունն առաջարկում է 10 %-ով բարձրացնել տեղական արտադրության ծխախոտի ու խմիչքների ակցիզային հարկը: Սա բերելու է տեղական արտադրության նվազմանը: Այս փաթեթը տենտեսական ներկա պայմաններում ու իրավիճակում պարզապես հակազարգացումային է»,- ասում է դաշնակցական պատգամավորը:
Այս փաթեթն, ի դեպ, կառավարությունն առաջարկում է ընդունել հատուկ կարգով, այսինքն՝ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջինից հետո 24 ժամվա ընթացքում:
Ինչպես արտահերթի օրակարգում ընդգրկված մեկ այլ օրինագիծ , որով «Պետական պարտքի մասին» օրենքում ընդամենը մեկ բառի փոփոխություն է առաջարկվում. «պետական պարտք» կապակցությունը փոխարինել «կառավարության պարտք» բառերով: Փոքր թվացող այս փոփոխությամբ գործադիրը, ըստ Մինասյանի, լուրջ խնդիր է լուծում:
Բանն այն է, որ օրենսդրորոեն կա սահմանափակում ՝ ՀՆԱ-ի նկատմամաբ 50-60 % պետական պարտքի դեպքում դեֆիցիտը չի կարող գերազանցել 3 տոկոսը, իսկ պետական պարտքի 60 տոկոսի և ավելիի դեպքում արգելվում է որևէ նոր պարտքի ներգրավումը: «Առաջարկի համաձայն՝ փաստորեն այս սահմանափակումներն արդեն վերաբերելու են ոչ թե ամբողջ պետական պարտքին, այլ՝ միայն կառավարության պարտքին: Իմ խորին համոզմամբ՝ կառավարությունը մանևրում է, որ կարողանա Կենտրոնական բանկի միջոցով շատ ավելի մեծ պարքեր ներգրավել: Հավանաբար՝ տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ արտաքին լրացուցիչ ֆինանսների կարիք ունի, բայց իմ համոզմամբ՝ սխալ ռազմավարություն է և տակտիկա է որդեգրվել»:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ Բյուջե 2014-ի կատարողականի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուիչները տարբեր ձևակերպումներով պնդում էին , որ Հայաստանի պետական պարտքի չափը ռիսկային սահմանագծին չի հասել:




