
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
«Կոմիտասը 20-րդ դարի նկարիչների աչքերով» ցուցահանդեսը, որը վերջերս բացված էր Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, տեղափոխվել է Թբիլիսի: Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակութային կենտրոնում ներկայացվել են մի շարք հայ նկարիչների (Սարգիս Մուրադյան, Սուրեն Սաֆարյան, Գրիգոր Աղասյան, Տիգրան Թոքմաջյան, Զարուհի Մուրադյան, Ստեփան Անդրանիկյան, Հենրիկ Մամյան և Հենրիկ Սիրավյան) աշխատանքներ (գեղանկար, գրաֆիկա), որտեղ անդրադարձ է կատարվել ցեղասպանության թեմային, մասնավորապես Կոմիտասի կերպարին։
«Կոմիտաս. վերջին գիշեր» կտավը Սարգիս Մուրադյանի անունն արդեն ամրագրել է հայ կերպարվեստի դասականների կողքին: 50–ականներին, երբ եղեռնի թեման դեռ արգելված էր, Մուրադյանի այս գործն իրարանցում է առաջացնում ու մրցանակների արժանանում: Կոմիտասի կերպարը թերևս միայն այս նկարում է ներկայցվում այսքան ողբերգական ու տպավորիչ:
«Նայելով այս կտավին մի պահ պատկերացրեք. այդպիսի հայացք ունեին մեր հայրուրավոր մտավորակնները, ովքեր այդ գիշեր ձերբակալվեցին»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ավելացնելով, որ ինքը ամեն անգամ այս նկարին նայելով հուզվում է:
Սարգիս Մուրադյանը 20–րդ դարի առաջին հայ նկարիչներից մեկն է, ով խորհրդային տարիներին անդրադարձել է Կոմիտասի թեմային: Եվ ինչպես նկարչի դուստրը, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց. «Նա իր ամբողջ կյանքի ընթացքում պարբերաբար անդրադարձել է Կոմիտասի թեմային Հայոց ցեղասպանության ողբերգությունը նկարագրելու համար»:
Կոմիտասի ու ընդհանրապես Հայոց Ցեղապանության թեման հանդիպում է նաև վիրահայ նկարիչների մոտ: «Վիրահայ նկարիչների միության» նախագահ, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը հեղինակել է «Գարունա ձյունա արել» խորագրով նկարը:
Թբիլիսիիում Կոմիտաս ներկայացնելը պատահական չէ, ասում է ցուցահանդեսը Հայաստանից Վրաստան տեղափոխելու նախձեռնության հեղինակ, լրագրող Արսեն Խառատյանը: «Որպես արևելահայության մշակութային կենտրոն, Կոմիտասն իր առաջին մեծ բեմելով հանդես եկավ Թիֆլիսում 1907թ»:
Խառատյանը պատրաստվում է նախաձեռնել նաև վրաց նկարիչների ցուցահանդեսը Հայաստանում` այսպիսով խթանելով հայ-վրացական մշակութային կապերի զարգացումը:




