

Պատրաստ եմ Նոբելյան մրցանակի առաջադրել այն հայ մասնագետերին, ովքեր հիմնավորված և գիտականորեն կապացուցեն, որ 82 երկրների կառավարությունները, հացի հարստացման ծրագրին անցնելով, վտանգում են հանրային առողջությունը, այսօր հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խորհրդարանում անդրադառնալով հացը ֆոլաթթվով հարստացնելու խնդրին:
Համապատասխան օրինածի քննարկումը, հիշեցնենք, հետաձգվեց մեկ տարով: Պատճառը հասարակական կազմակերպությունների դժգոհությունն ու մտահոգություններին էին՝ կապված ծրագրի վտանգների հետ:
Արմեն Մուրադյանն այսօր հորդորել է չտրվել հուզական մեկնաբանություններին և վստահել գիտական ուսումնասիրություններին: Նախարարը մի շարք մտահոգիչ ցուցանիշներ է ներկայացրել. վերարտադրողական տարիքի կանանց 25%, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների 37 %-ն ունի սակավարյունություն:
Տարեկան 700-800 երեխա ծնվում է արատներով, որոնց պատճառը վիտամին B9-ի պակասն է: Խնդիրն աշխարհում փորձում են լուծել կամ կաթնամթերքի, կամ ալյուրի հարստացման ճանապարհով: «Այս հարցերի շուրջ մեր գիտական կենտրոնները լուրջ մասնագիտական քննարկումներ են ծավալել: Պայմանը եղել է մեկը ՝ անաչառ և օբյեկտիվ լինել, առանց որևէ կողմնապահության՝ հաշվի առնելով հարցի արժեքը: Կարծում եմ ՝ շուտով կլսենք մեր գիտական ներուժի կարծիքը և հավաստիության ու վստահության մակարդակը շատ ավելի բարձր կլինի»:
Հարցին, թե ինչու կառավարությունը չի փորձում հարստացման կիրառումն ապահովել թիրախավորված, ասենք միայն հղիների համար, նախարարը պատասխանել է . «Կան հանրային առողջապահական ծրագրեր, կան, օրինակ, վակցինացիա, որոնք եթե 80 տոկոսից պակաս ծավալով են իրականացվում, արդյունավետությունը նվազում է: Հանրային առողջությունն ունի իր օրենքները։ Դա գիտություն է: 80 տոկոսից նվազ նշանակում է չբարելավել առողջապահական ցուցանիշները»,- ասել է նախարարը։




