ՄիջազգայինՍպորտ

Պուտինը պաշտպանում է Բլատերին, Ռուսաստանն էլ կքվեարկի նրա օգտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՖԻՖԱ-ի չինովնիկների ձերբակալություններն անվանել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Յոզեֆ Բլատերի վերընտրությունը խոչընդոտելու փորձ։

Աղմկահարույց ձերբակալությունները, հիշեցնենք, իրականացվել են նախօրեին՝ Ցյուրիխում ամերիկյան իրավապահ ծառայությունների պահանջով: ՖԻՖԱ-ի պաշտոնյաներին մեղադրում են փողերի լվացման, կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ։

«Վաղը կայանալու են կազմակերպության նախագահի ընտրությունները։ Պարոն Բլատերն ուներ վերընտրվելու մեծ հնարավորություն։ Մենք գիտենք, թե ինչ ճնշումներ են գործադրվել Բլատերի վրա՝ խափանելու ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացումը Ռուսաստանում»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Պուտինը ընդգծելով, որ սպորտն ու քաղաքականությունը չպետք է փոխկապակցված լինեն:

Իսկ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխն էլ ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ ընտրություններում Ռուսաստանը կպաշտպանի Յոզեֆ Բլատերի թեկնածությունը։ «ՌՖՄ- ը կպաշտպանի Բլատերի թեկնածությունը։ Նա շատ բան է արել ֆուտբոլի զարգացման համար»,- ասել է Տոլստիխը։

Կարդացեք նաև

Back to top button