

Երևանի քաղաքապետարանը 2014 թ 20 միլիոն դրամի կոնյակ է գնել, 400 հազար դրամանոց արծաթե բաժակներ նվիրել մայրաքաղաքի հյուրերին` Երեւանի տարիքը խորհրդանշող՝ «Էրեբունի-Երևան 2796» խորհրդանշով: Խորհրդարանում այսօր մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը ներկայացրել են պետական բյուջեի իրենց կատորողականները: Ի դեպ՝ առաջին անգամ Կոտայքի բյուջեի կատարողականը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը։ Նա լրագրողների հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե ինքը մարզպետ է նշանակվել Գագիկ Ծառուկյանի միջամտության արդյունքում:
Ազգային ժողովում մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը ներկայացնում էին իրենց մեկ տարվա կատարած աշխատանքները. ինչպես են բաշխել բյուջտային գումարները, որքան են տնտեսել: Պարզվեց, որ իրենցից անկախ մոտ 100 մլն դրամ տնտեսել է Շիրակի մարզը ,որը, ի դեպ, համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ այս մարզում աղքատության ցուցանիշը կազմում է 47.7 տոկոս:
Գյումրին տեխնոպարկ դարձնելու, տեքստիլ արդյունաբերության վերակենդանացման հնարավորության մասին Շիրակի մարզպետին հարց է ուղղում ԲՀԿ –ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյան էլ նշում է, որ Գյումրիում արտադրվածը պետք է մրցունակ լինի, որպեսզի իրացման խնդիր չլինի և օրինակ է բերում Թուրքիային. այնտեղ գործում է մոտ 40 հազար տեքստիլ ձեռնարկություն,որոնք արտադրում են էժան և որակով արտադրանք։
Իսկ ահա Երևանի քաղաքապետարանը շատ շռայլ է եղել իր ծախսերում. քաղաքապետարանի բյուջեից շուրջ 30 միլիոն դրամի կոնյակ ու մոտ 1.5 մլն դրամի թանկարժեք կոնյակի բաժակներ են նվիրել մայրաքաղաքի հյուրերին` Երեւանի տարիքը խորհրդանշող՝ «Էրեբունի-Երևան 2796» խորհրդանշով եւ հոբելյանական լոգոյով:
Լրագրողներն այդ առնչությամբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեցին՝ անիմաստ ծախսեր ինչո՞ւ եք անում։ Արեյանը հավաստիացրեց ,որ քաղաքապետարանի բոլոր ծախսերը հիմնավորված են, և քաղաքապետարանում բյուջեն չեն կազմում են աչքաչափով:
Երևանի բյուջեն առավել նպատակային ծախսելու հարց բարձրացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Էրեբունի- Երևան տոնակատարություն վրա այդքան գումարներ ծախսելու փոխարեն լավ կլիներ վերելակների հարցը լուծեր. «Քանի մարդ դեռ պետք է մահանա, քանի ճակատագիր դեռ պետք է խեղվի, որպեսզի մենք սա համարենք ռազմավարական խնդիր ու գումարներ ուղղենք»,- ասաց նա։
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն արձագանքելով նշեց, որ իրենց հայտնի է այս իրավիճակը և Ն.Զոհրաբյանը նորություն չի ասում, բայց՝ «իհարկե գույների խտության տարբերություն կա»։
«Իսկապես մեր վերելակային տնտեսության ամբողջ պարկը տարիքային առումով, այո, ֆիզիկական մաշվածություն է ապրել, նաև որոշակի առումով բարոյական մաշվածություն ունի: Հետևյալն է իրավիճակը. Բոլորիս հայտնի է իրավական կարգավիճակը, վերելակը համարվում է բաժնային սեփականություն այդ բազմաբնակարան շենքում ապրող բնակիչների համար: Վերելակի պահպանումն ու շահագործումը համարվում է պարտադիր նորմերի կատարում հենց համատիրության կողմից: Այսինքն՝ իրավական առումով բաժնային սեփականատերը բնակիչն է, շահագործման նորմերի պատասխանատուն շենքի կառավարման մարմինը՝ համատիրությունը»,- թվարկեց Կամո Արեյանը:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց՝ խոսում ենք բացարձակապես շարքից դուրս եկած վերելակների մասին.«Դիակի վրա պահպանման ծախսեր կատարելը, կարծում եմ, բացարձակապես անօգուտ է»:
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական խոսքին ապավինեց ԲՀԿ ական պատգամավոր Միքայել Մելքումյանը և հարց ուղղեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հակակարկտային կայանների հետ կախված՝ նշելով, թե քանի կայան են պատրաստվում այս տարի տեղադրել։ Մարզպետը նշեց՝ մարզում գործում է 174 հակակարտային կայան, վերջերս 4- ը տեղադրել են ու հինգն էլ պատրաստվում են տեղադրել մոտակա օրերին։
Նկատենք, որ մարզպետերին հարցեր շատ քիչ ուղղեցին, եղան նաև մարզպետեր, որոնց ոչ մի հարց չուղղեցին:
Անկախ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ քննարկում հնչեցրեց ավանդական հարցերը, թե ո՞ւր են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստը նախագահող ՀՀԿ- ական Գագիկ Մինասյանը նշեց, որ Տարոն Մարգարյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հետևաբար՝ չէր կարող մասնակցել այս քննարկումներին:
«Այս քննարկումներն ամենահետաքրքիրը Տարոն Մարգարյանի համար են անցնում, որովհետև նա այդ օրերին մեկ Երուսաղեմում է, մեկ Պետերբուրգում, մեկ էլ Բադեն Բադենում: Տպավորություն է, որ նա փորձում է այս օրերին հնարավորինս հեռու լինել Հայաստանից, հատկապես՝ ԱԺ շենքից»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։
Նկատենք, որ 2014թ. Կոտայքի մարզի Բյուջեի կատարողական հաշվետվությունը ներկայացրեց նորընտիր մարզպետ, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, ով լրագրողների խորհուրդ էր տալիս իրեն քաղաքական հարցեր չտալ, քանի որ ինքը ապաքաղաքականացված է և որևէ կուսակցական պատկանելություն չունի։




