Կրթության ոլորտի պատասխանատուն ամփոփել է մեկ տարին


Լրանում է Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության գործունեության մեկ տարին: Ներկայացնելով կրթության ոլորտի մեկ տարվա աշխատանքները՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մատնանշել է բոլոր ձեռքբերումները և ընդգծել, որ որևէ բացթողում այս մեկ տարվա ընթացքում չի եղել: Նախատեսված ամեն ինչ իրականացվել է ըստ ժամանակացույցի: Գլխավոր ձեռքբերում է Բոլոնյան գագաթաժողովն է, որն ընդամենը մի քանի օր առաջ կայացավ: Նախարար Աշոտյանն իհարկե խոստովանել է, որ լինելով շատ կարևոր միջոցառում, այն նաև բավականին ծախսատար է եղել:
Կառավարության գործունեության ծրագրում մի մեծ բաժին նվիրված է կրթության և գիտության հիմնախնդիրներին և կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում շարունակելով մեկնարկած բարեփոխումները՝ դարձյալ լուրջ ձեռքբերումներ է գրանցել: Անդրադառնալով այդ ձեռքբերումներին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեկ առ մեկ թվարկեց այն բոլոր կարևոր քայլերը, որ արվել են նախարարության կողմից Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության գործունեության ընթացքում:
«Ազգային ժողովն ընդունել է տասներկուամյա պարտադիր կրթության մասին օրենքը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ, իննամյա կրթական ցենզը ՀՀ քաղաքացիների համար այլեւս անցյալ է, պետք է ավելի բարձր նվազագույն ցենզի անցնենք»:
Կարևոր ծրագրերից նախարարն առանձնացրեց Ազգային երգուպար առարկայի փորձնական պիլոտային ծրագիրը: Սեպտեմբերի 1-ից այն կընդլայնվի՝ ընդգրկելով ևս հարյուր դպրոց: Հաջորդ ձեռքբերումը «Մեկ աշակերտին՝ մեկ համակարգիչ» ծրագիրն է, որը ևս կմեկնարկի սեպտեմբերի մեկից: Նախարարը կարևորեց նաև ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում պատանի երկրապահների ակումբների ձևավորումը, որոնց թիվն արդեն իսկ անցնում է հարյուրը: Տարին բարեհաջող էր նաև գիտության ոլորտի համար:
«Թեթեւացել են բյուրոկրատական հարցերը, խստացվել պահանջները, ընդունվել է Գիտական փորձաքննության մասին օրենք»:
Այս մեկ տարվա կրթական գործունեության դափնին սակայն Արմեն Աշոտյանը համարում է Եվրոպական կրթական տարածքի նախարարական համաժողովը, որը աննախադեպ էր իր բնույթով, քաղաքական հետեւանքով: Հայաստանի վարկանիշը Եվրոպական կրթական տարածքում աննախադեպ ընդգծվել է: Այն արձագանքները, որ ստանում ենք Բրյուսելից մինչեւ Մոսկվա, Փարիզից՝ Երեւան, վկայում են այն մասին, որ մեր եռամյա ջանքերը գերհաջողված էին, նկատեց Արմեն Աշոտյանը: Միևնույն ժամանակ խոստովանելով, որ այն բավականին թանկ միջոցառում էր Աշոտյանը նշեց, որ ծախսվել է ավելի քան 100 մլն դրամ, որից ընդամենը 60 տոկոսն է պետության վրա: Ինչ վերաբերում է բացթողումներին՝նախարարը հավաստիացրեց, որևէ նախաձեռնություն իրենց կողմից չի ձախողվել, թեև դեռևս կան համակարգի որոշ խնդիրներ, որոնց ամբողջական լուծման համար ժամանակ է հարկավոր: Դրանք են կոռուպցիոն դրսեւորումները, կրթության որակի վերջնական բարձրացմումը, կրթության վերաբերյալ հանրային վերաբերմունքի փոփոխությունը: