
Կաննի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը շնորհվել է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիյարի «Դիպան» ֆիլմին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆիլմում պատմվում է «Տամիլ-Իլամի ազատագրման վագրեր» խմբավորման վետերանի մասին, որը կեղծ ընտանիքի հետ ներգաղթում է Եվրոպա ու պահակ աշխատում Ֆրանսիայում:
Հոլոքոստի մասին պատմող ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» դրաման էլ արժանացել է Կաննի փառատոնի Գրան-պրիին, որը փառատոնի երկրորդ մրցանակն է նշանակությամբ:
«Սաուլի որդին» դրաման Լասլո Նեմեշի առաջին լիամետրաժ ֆիլմն է, մինչ այդ նա նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր:
Ֆիլմն ավելի վաղ արժանացել էր Կինոքննադատների ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍ) մրցանակին:
«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել թայվանցի Հոու Սյաոսյանը՝ «Մարդասպանը» կինոնկարով: Ժյուրիի մրցանակին է արժանացել հույն Յորղոս Լանթիմոսը «Լոբստեր» ֆիլմի համար:
«Լավագույն տղամարդ» դերասանը Վենսան Լենդոնն է «Շուկայի օրենքը» ֆիլմում դերի համար: Ռունի Մարան և Էմանյուել Բերկոն կիսել են «Լավագույն կանացի» դերի մրցանակը ՝ համապատասխանաբար «Քերոլ» և «Իմ արքա» ֆիլմերի համար:
Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվել է ֆրանսիական կինոյի դասական, կինոռեժիսոր Անյես Վարդային:




