

Խորհրդարանական ուժերը չեն բացառում, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի շրջանակներում ստեղծվի համագործակցության նոր ձեւաչափ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախորդ եռյակն ու քառկայը ստեղծվել էին գազի խնդիրների հետ կապված:
Այսօր խնդրի մասին խոսել են ԱԺ ճեպազրույցների ընթացքում: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, գնահատել են նաեւ Ռիգայի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունն ու Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցությունը:
Այս հարցում բոլոր ուժերի կարծիքը միեւնույնն էր՝ ստեղծված վիճակում գնում եք ճիշտ ուղղությամբ եւ պետք է օգտվենք ԵՄ համագործակցությունից այնքանով, որքանով թույլ է տալիս մեր ինտեգրվածությունը ԵՏՄ-ին։
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանի ճեպազրույցին ժամանել էր ուղիղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Ռոբերտ Նազարյանի հետ երկու ժամ հանդիպման էր, արդյունքում ոչ թե ինքն էր համոզել, այլ՝ իրեն էին համոզել: Նա նշեց, որ եթե ՀԷՑ- ի վնասները չփոխհատուցվեն, ապա ՀԷՑ- ը կգնա սնանկացման։
Էներգետիկ համակարգում շատ բան մութ է, «փնթի եւ անտեր վիճակ»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այս հարցը կարող է ընդդիմադիրների նոր համագործակցության առիթ դառնալ, ձեւաչափը դեռ հայտնի չէ, բայց պատգամավորը իր գործընկերներին զգուշացնում է՝ նախաձեռնությունները պետք է զգույշ արվեն։
Նա մի քիչ սրտնեղած է ընդդիմադիր գործընկերներից, դրա համար էլ չի միացել ՀԱԿ-ի՝ էլեկնտրաէներգիայի թանկացման հարցով հանձնաժողով ստեղծելու ստորագրահավաքին։
Նոր ձեւաչափով համագործակցությունների մասին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Փետրվարյան հարձակումներից հետո այդ համագործակցության հիմքերը խարխլված են, բայց կյանքը ստիպելու է նոր ձեւաչափեր»: Ստիպողը հենց էլեկտրաէներգիայի թանկացման հարցը կարող է դառնալ։ Ընդդիմադիր պատգամավորը հաստատեց՝ մասնակցելու են մայիսի 27-ի քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի երթին՝ ընդդեմ սակագնի թանկացման եւ կոչ են անում մյուս քաղաքական ուժերին էլ միանալ իրենց:
Դաշնակցությունը որեւէ սահմանափակում եւ տաբու չունի նոր ձեւաչափերով համագործակցության մասով, բայց գործընկերների հետ Արծվիկ Մինասյանը համամիտ չէ մի շարք հարցերում: «Յուրաքանչյուր համագործակցություն պետք է ունենա հստակ նպատակ։ Ոչ թե պարզապես դեմ ենք իշխանություններին՝ դրա համար օգտագործենք ցանկացած առիթ, որպեսզի գտնենք համագործակցություն, այլ սեղանին դրված հարցը ինչպե՞ս պետք է լուծենք»։
Բոլոր խնդիրները գիտակցելով հանդերձ՝ խնդրի լուծման ճանապարհին հանրապետականները հանրահավաքային տրամադրություններ չունեն, հստակեցրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Իհարկե՝ մտահոգված են, բայց հայտում գոնե մեկ հիմնավորում պատգամավորի համար հասկանալի է՝ արտարժույթի տատանումները: