Հասարակություն

Մայիսի 22-ին նշվում է կենսաբանության միջազգային օրը

sonahakobyan
Մայիսի 22-ին նշվում է կենսաբանության միջազգային օրը: Հայաստանի կենսաբազմազանության խնդիրների և Հայաստանի կարմիր գրքում գրանցված տեսակների և հատուկ տարածքների պահպանության մասին է այսօր խոսել բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Նա նշել է, որ այսօր Հանրապետության տարածքում ունենք 3 արգելոց՝  «Շիկահող», «Խոսրովի անտառ», «Էրեբունի», և 4 ազգային պարկ «Սևան», «Դիլիջան», «Արևիկ», «Արփի լիճ»: Նա նշել է, որ ծրագիր կա նաև  ստեղծել «Տաթև» ազգային պարկ: Կարեն Մանվելյանն անդրադարձել է ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ խնդիրներին: Խնդիրներից նա առանձնացրել է հատուկ պահպանվող տարածքների վատ ծածկույթը՝ ընդամենը 13 տոկոս և կադրերի պակասը:

 

Տեսակների բազմազանության առումով Հայաստանը Կովկասի ամենահարուստ երկրներից է, քանի որ իր աշխարհագրական դիրքով գտնվում է տարբեր կենդանական և բուսական գոտիների խաչմերուկում:  Հայաստանում կան հազվագյուտ, նույնիսկ  այնպիսի տեսակներ, որոնք իրենց յուրօրինակությամբ տարբերվում են մյուս երկրներում տարածված նույն տեսակներից: Այս հազվագյուտ կենդանատեսակների համար էլ Հայաստանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ: Ներկայացնելով այդ տարածքները բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ ունենք 3 արգելոց և 4 ազգային պարկ: Առաջիկայում ծրագիր կա ստեղծելու ևս մեկ ազգային պարկ Սյունիքում:

Նկատելով, որ Հայաստանը կենսաբազմազանության առումով ունի նաև բազմաթիվ կորուստներ` բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը նշեց, որ դրանք հիմնականում պայմանավորված են բնակավայրերի կորուստներով, որսագողությամբ, հիվանդություններով և բնական աղետներով:

Կորուստների կողքին իհարկե ունենք նաև ձեռքբերումներ, ոչ շատ, բայց ունենք, նշեց Կարեն Մանվելյանը: Հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ վերջին 10 տարիների ընթացքում զգալի աճել է մուֆլոնների և բեզուարյան այծիերի գլխաքանակը:

Back to top button