Քաղաքական

Դատախազը շարունակեց իր հաղորդումը ԱԺ-ում.շենքի մոտ դժգոհում էին զոհվածների ծնողները

lenabadeyan
Քառօրյա աշխատանքի 4-րդ օրվա աշխատանքի սկզբին խորհրդարանում նախ քվեարկության դրվեց երեկ քննարկված հարցը՝ Հայաստանի եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Քվեարկությունից առաջ պատգամավորներին կոչով դիմեց Թեւան Պողոսյանը՝ նախապես նշելով, որ գաղափարը կարեւոր է, ծրագիրը լավ մշակված է, բայց կա լրացուցիչ փաստաթղթերի ծանոթանալու անհրաժեշտություն: Աղբի վարկի պայմանագիրը «փնթի» չվավերացնելու համար առաջարկել է չքվեարկել մինչեւ կառավարությունը չներկայացնի այդ փաստաթղթերը:  Պատգամավորները չառաջնորդվեցին գործընկերոջ կոչով եւ 72 կողմ 4 դեմ  23 ձեռնպահ քվեարկությամբ վավերացրեցին պայմանագիրը, որն ընդհանուր առմամբ  7 միլիոն դոլարի չափի է՝ վարկը եւ դրամաշնորհը միասին: Այնուհետեւ ողջ օրը պատգամավորները ՀՀ գլխավոր Դատախազ Գագիկ Կոստանյանին հարցեր ուղղեցին: Հիշեցնենք, որ ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացումը սկսվել է դեռ երեկվանից:

 

 

 

Այն պահին, երբ Հանրապետության գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնի մոտ էր, Աժ-ի շենքի մոտ էին հավաքվել բանակում զոհված  զինծառայողների ծնողները: Նրանք դժգոհ են Դատախազի երեկվա գնահատականներից՝ նախագահական նստավայրի մոտ իրենց նկատմամբ ոստիկանության կողմից ուժ կիրառելու փաստի առնչությամբ: Զոհվածների ծնողները դժգոհությունը փոխանցել էին պատգամավոր Արամ Մանուկյանին:

Պատգամավորներն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Գագիկ Կոստանյանից պահանջում էին որպես «հաղորդագրություն հանցագործության մասին» ընդունել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարությունը: Հիշեցնենք՝ Աժ-ում հարցուպատասխանի ժամին՝ խոսելով ՀԷՑ-երի մասին, նախարարը ասել էր բառացի հետեւյալը. «Նման մեծ կորուստների պայմաններում իրոք հնարավոր են եւ գողության, եւ կոռուպցիոն ռիսկեր»:

Միայն երեկվա հայտարարությունը դատախազության համար բավարար չէ հենց այս պահին քրեական գործ հարուցելու համար: Գլխավոր դատախազի որոշ պատասխանները նաեւ վիճաբանության պատճառ դարձան: Դրանցից մեկն առնչվում էր աղմկահարույց գործերում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան շրջանառության հետ: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր մեղադրում դատախազին, թե պատասխանատու է այսօրվա դեպքերի համար, քանի որ Բուդաղյանների գործը «կոծկվեց, խեղվեց եւ շեղվեց»:

Ի դեպ, հանրապետական խմբակցությունից պատգամավոր Մարգարիտ Եսայանը միանշանակ չընդունեց գլխավոր դատախազի այն հայտարարությունը, թե համակարգում զգալի առաջընթաց է: Այս պատգամավորը համակարգու դեռ տեսնում էթե ոչ պրոֆեսիոնալիզմ, թե կոռուպցիա եւ որպես փաստ մեջբերեց Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռները:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ մարտ ամսվա դրությամբ մոտ 1800 դիմումից Եվրոդատարանը 1200-ը ի սկզբանե անընդունելի է համարել: 2002 թվականից մինչ այսօր ընդդեմ ՀՀ ՄԻԵԴ-ը կայացրել է 55 վճիռ 802 հազար դոլարի փախհատուցման չափով: Այս բոլոր թվերը երկու անգամ եւ ավելի պակաս են Ադրբեջանի եւ Մոլդովայի տվյալներից, նշում է դատախազը:

Back to top button