Թբիլիսիիում ներկայցվել է «Հայերի Ցեղասպանությունը» վրացերենով լույս տեսած գիրքը


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակներում Թբիլիսիիում ներկայցվել է «Հայերի Ցեղասպանությունը» վրացերենով լույս տեսած գիրքը: Գրքի հեղինակը` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը հույս է հայտնել, որ այն կարող է ծառայել նպատակին` վրաց հասարակությանը տեղեկացնելու անցյալ դարի առաջին ցեղասպանության մասին:
Օսմայնան կայսրությունում ծրագրված Ցեղասպանությունը ոչ միայն հայերի ու քրիստոնյաների, այլև համշխարհային քաղաքակրթութան դեմ էր: «Հայերի Ցեղասպանություն» գիրքը պատմում է նաև, թե հայերի կողքին որքան վրացիներ են կոտորվել Բաթումիի շրջանում, որքան հույներ Տրապիզոնում, ասորիներ` Դիրաբեքիրում և շիա մահմեդականներ Պարսկաստանի տարածքում: Աշխատության հեղինակը ՀՀ ԳԱԱ ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը նկատում է. «արխիվային վավերագրերը վկայում են, որ ցեղասպանությունը սկսվել է դեռևս 1914թ. հոկտեմբերից, երբ օսմայնան երրորդ բանակը ներխուժեց Բաթումի նահանգ և Կարսի մարզ»:
Ըստ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի. «Հայոց Ցեղասպանության մասին վրացերենով հրատարկված այս գրքի նպատակը ոչ միայն մեր վրաց եղբայրներին հայերի հետ տեղի ունեցած այդ դաժան իրողության մասին տեղեկացնելն է, այլև ասել, որ հայերին պատած ցավը մեր բոլորիս ցավն է. ուստի ես կոչ եմ անում աշխարհի ողջ քաղաքակիրթ ժողովուրդներին` ճանաչել ու դատապարտել Ցեղասպանությունը և դրանով պաշտպանել քաղաքակրթությունը»:
«Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել վրաց ժողովրդի աչքի առաջ»,-ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, նկատի ունենալով, որ հայ գաղթականների մի ահռելի զանգված այդ տարիներին ապաստան էր գտնում Վրաստանում, իսկ վրացական մամուլը լայնորեն անդրադառնում էր այդ իրողությանը:
«Մինչև 1918թ. գաղթականների թիվն այս տարածքում այնքան շատ էր, որ համաճարակ էր սկսվել և անկախ Վրաստանի իշխանությունները ստիպված էին միջոցներ ձեռք առնել դրա դեմ»:
Այդ գաղթականների թվում էին նաև Մելքոնյանի նախնիները, ովքեր Էրզրումից հասան Վրաստան: Ախալքալքում ծնված պատմաբանը նշում է, որ Վրաստանում ավագ սերունդը գիտի Ցեղասպանության մասին, սակայն անցել է հարյուր տարի և մեր խնդիրն այդ ամենի մասին տեղակացնել է նաև նոր սերնդին.
«Ես հիշում եմ, երբ Թբիլիսիի արխիվներում աշխատում էի, հանդիպեցի այդ տարիներին վրացական մամուլում տպագրված մի հետաքրիր հաղորդագրության` վրաց երեխան հարցնում է ծնողին, թե ինչու են հայերը ապրում Վրաստանում, իսկ ծնողը պատասխանում է, որ հայերի հայրենիքում պարտերազմ է… »: