

Մարդ կոչվելու համար միակ չափորոշիչն այն է, որ Թուրքիայի կառավարությունն առերեսվի սեփական պատմության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այսօր հայտարարել է գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի խորհրդարանի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն: Թուրքիայի նախկին քաղբանտարկյալ եւ քաղաքական հայացքների համար իր իսկ հայրենի երկրում հալածված մտավորականն, ով փախել է իր հայրենիքից Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշման պատճառով հալածանքներից խուսափելու համար, այսօր հայտարարել է` ինքն իր ներկայացրած կուսակցության հետ պայքարելու է, որ Գերմանիան Ցեղասպանությունն ընդունի հատուկ օրենքով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներքին լարվածություն է առաջացրել:
«Դավութօղլուն քննարկումից առաջ միայն մի քանի օրվա ընթացքում օրը մի քանի անգամ զանգահարում էր Անգելա Մերկելին` խնդրելու, որ հանկարծ Ցեղասպանությունը բառը չարտաբերվի»:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառվող երեք բանաձեւերը ներկայացրել են Ձախերը, Կանաչները եւ իշխող կոալիցիոն եռյակը: Առաջին երկու ուժերը պահանջում են խորհրդարանի ճնշող մեծամասնության համաձայնությունը` 2005-ին Բունդեսթագի ընդունած բանաձեւը նորով փոխարինել եւ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել: Գերմանիայի խորհրդարանում 77 պատգամավոր ունեցող Ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն դժվարանում է ժամկետեր նշել, թե նշված բանաձեւերը երբ վերջնական տեսք կստանան ու քվեարկության կդրվեն, ասում է` երկրի կառավարությանը եթե մնա, կցանկանան դա տարիներ ձգել: Բայց մտավորականը նաեւ հայտարարում է` թե Ձախերի, թե Կանաչների ներկայացուցիչներն այդ հարցում հստակ դիրքորոշում ունեն և հետևողական են լինելու, որպեսզի այդ Բունդեսթագում այդ հարցը վերջնական լուծում ստանա:
«Սակայն մեր կուսակցությունը, ինչպես նաև Կանաչները, հետևողական ենք լինելու, որպեսզի այդ բանաձևը քննարկվի և ընդունվի Բունդեսթագում: Մենք թույլ չենք տա, որ Գերմանիայի իշխանությունները մարդկանց աչքին թոզ փչեն և միայն ապրիլի 24-ին հայերի սիրտը շահելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկեն ու հետո մոռանան դրա մասին»:
Հասան Բուրգուջուօղլուն Թուրքիայի նախկին քաղբանտարկյալ է եւ քաղաքական հայացքների համար իր իսկ հայրենի երկրում հալածված մտավորական, ով փախել է իր հայրենիքից Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշման պատճառով հալածանքներից խուսափելու համար: Այսքանով հանդերձ` ինքն իրեն անձամբ չի տարանջատում այդ մեղսագործությունից ու գտնում է, որ իր ընտանիքն էլ այդ ոճրագործության մասնակիցն է, ինքն իրեն համարում է կեղտոտ կենսագրություն ունեցող նախնիների թոռ:
«Ցեղասպանությունն, ասում է, չի եղել, ավարտվել, այն, որ այսօր հայերի հողերում ապրում են թուրքեր այնպես, ասես ոչինչ էլ չի եղել, դա Ցեղասպանության շարունակությունն է»:
Բուրգուջուօղլուն մեկ այլ հարց է առանձնացնում ու շեշտում` Ցեղասպանության ճանաչումը պահանջելով մենք ինչի ենք ուզում հասնել: Հայաստանն, ասում է, պետք է հստակ ձեւակերպի իր պահանջները, ինչը, սակայն, չի անում: Նրա հետ համամիտ է Սարգիս Հացպանյանը, մարդ, ով ծնվել ու մեծացել է Թուրքիայում ու քաղաքական հայացքների համար հալածվել նույն այդ երկրում, հայտարարվել persona non grada` անցանկալի անձ: Հացպանյանը հողերի վերադարձի պահանջը խիստ իրատեսական է համարում ու սեփական դիրքորոշումը հայտնում:




