Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերի ցուցադրությունները շարունակվում են


Ծրագիրը կրում է «Այլևս երբեք» խորագիրը: Ներկայացված էին 20-ից ավելի հայ եւ արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր: Շնորհիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կապերի եւ գործընկեր փառատոների հետ սերտ համագործակցության՝ «Այլևս երբեք» ծրագիրը հնարավոր դարձավ ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում:
Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում էին պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ, ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացնում էին ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանում հանդիսատեսի հարցերին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշեց, որ Ֆիլմերի ցուցադրումների ժամանակ հանդիսատեսի 85-90%-ը օտարազգիներ էին, որոնք հետաքրքրված էին մեր պատմությամբ ու ֆիլմերով: Նկատենք, որ ծրագրում եղել են նաեւ թուրքերի նկարած ֆիլմեր:
Ստամբուլի կինոփառատոնը եւս նախաձեռնել էր ծրագիր, արդյունքում «Հարյուրամյա ցավ» խորագրի ներքո ցուցադրվել են ֆիլմեր, որոնք առնչվում էին հայկական հարցի հետ: Դրանց թվում էր Հաջի Օրմանի «Հոմոպոլիտիկուսը», որը նկարահանվել է «Ոսկե ծիրանի» հայ-թուրքական պլատֆորմի շրջանակներում: Այն ներկայացնում է Լեփսիուսի եւ Էնվեր Փաշայի զրույցը՝ Լեփսիուսը փորձում է համոզել՝ կանգնեցնել ջարդերը: