Մետաքսի ճանապարհով անցնող հայ-չինական բարեկամությունը (լուսանկարներ)


ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և հրավերով իրականացված ճանաչողական այցի շրջանակներում մայիսի 3-9-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էին հայ լրագրողները: Հազարամյակների պատմություն, հզոր ու ինքնատիպ մշակույթ. այս ամենի կողքին, սակայն, մեզ գերել է աննախադեպ արագությամբ զարգացող Չինաստանի ժամանակակից դեմքը: Այդ դեմքը կփորձենք բացահայտել «Ռադիոլուր»-ի հետագա թողարկումներում, իսկ ներկայացվող անդրադարձը նվիրված է հայ-չինական համագործակցության նոր հեռանկարներին:
Սույն թվականի մարտին Սերժ Սարգսյանը պետական այցով Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում էր, որտեղ նա հանդիպեց նախագահ Սի Ծինփինի հետ: Պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահը մարտի 28-ին մասնակցեց ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին: Հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններից հետո երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին: «Ի դեմս Հայաստանի՝ մենք ունենք մտերիմ գործընկեր: Հայ –չինական բարեկամությունն ու փոխգործակցությունն այսօր լավագույն մակարդակում են ողջ պատմության ընթացքում»,-արդեն մայիսի 4-ին՝ Պեկինում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՉԺՀ փոխարտգործնախարար Չեն Գոպինը: Նշենք, որ հայ, ինչպես նաև բելոռուս լրագորղների ճանաչողական այցը դեպի Չինաստան կազմակերպել էին երկու երկրներում գործող չինական դեսպանատները.
«Ես կարծում եմ, որ լրագրողների այցը կնպաստի մեր երկրների միջև գործնական ու բարեկամական կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Դուք ժողովրդական դիվանագետի դեր եք կատարում, և այդ առումով ձեր ուսերին լուրջ առաքելություն եք կրում: Հայաստանի վերաբերյալ պետք է նշեմ, որ այս հինավուրց երկիրն առանձնանում է իր փայլուն մշակույթով ու պատմությամբ: Իմաստուն ու աշխատասեր Հայաստանն իր ձեռքերով այսօր սեփական տունն է կառուցում: Իսկ մեր բարեկամական արմատները սկիզբ են առնում դեռ պատմական «Մետաքսի ճանապարհի» ժամանակներից»:
«Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության որ ոլորտներն են համարվում առավել հեռանկարային»,-«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Չեն Գոպինը նշեց.«Չնայած Հայաստանի ու Չինաստանի միջև գոյություն ունեցող մեծ հեռավորությանը, մենք կարողացել ենք գտնել համագործակցության եզրեր շնորհիվ Մետաքսի հզոր ճանապարհի: Արդյունաբերության ու տնտեսության ոլորտներում երկու երկրներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և կարող է արդյունավետորեն փոխլրացնել մեկը մյուսին:
«Մոտ տասը տարի առաջ Հայաստանի ու Չինաստանի միջև բավականին հաջողված նախագիծ իրականացվեց: Հայկական տեխնոլոգիայի հիման վրա այստեղ հիմնադրվեց կաուչուկի գործարան: Չինաստանն իր հերթին պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում: Ի դեպ նշեմ, որ համագործակցության շնորհիվ Չինաստանի մի քանի համայնքներում այսօր արդեն հայկական ծիրան են աճեցնում: Այո, հայկական ծիրանն աճում է նաև չինական հողում՝ դառնալով երկու երկրների միջև բարեկամության ու համագործակցության հերթական խորհրդանիշը»:
«Հայաստանը ինքնատիպ երկիր է և կարծում եմ, որ ձեր երկրում տարեցտարի կավելանա չինացի այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր կցանկական տեսնել յուրահատուկ ինչ որ բան»,-սա արդեն ՉԺՀ առևտրի նախարարության Եվրոպայի և Ասիայի հարցերով վարչության պետի տեղակալ Չժան Դունի տեսակետն է: Նրա տեղեկացմամբ զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր հանդեսի 2015-ի առաջին համարն ամբողջությամբ նվիրվել է Հայաստանին: «Ռադիոլուրի» խնդրանքով առևտրի նախարարության պաշտոնյան անդրադարձավ նաև հայկական ապրանքները Չինաստան հասցնելու դժվարություններին: Ըստ նրա՝ դրանք պայմանավորված են երկու երկրների միջև ծովային ճանապարհի բացակայությամբ, ինչը մի քանի անգամ ավելացնում է ապրանքները գները՝ արտահանումը դարձնելով ոչ շահավետ:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները ձեռք են բերել պայմանավորվածություն ակտիվացնելու համագոծակցությունը «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու կառուցման ոլորտում: Այս ուղղությամբ կնքվել է համագործակցության պայմանագիր Չինաստանի առևտրի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունների միջև: Մենք կակտիվացնենք մեր աշխատանքները ենթակառուցվածքների ոլորտում: Ենթակառուցվածքների ստեղծումն, իհարկե, մեծ միջոցներ ու ժամանակ է պահանջում, բայց հուսով եմ, որ մի քանի տարի անց դրանց շնորհիվ կլուծվի տրանսպորտի խնդիրը»:
Լրագրողական խմբի հանդիպումները փոխարտգործնախարար Չեն Գոպինի, Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի, գիտաշխատողների, ԶԼՄ-ների, հզոր արդյունաբերական կենտրոնների, մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև Լյանյունգան, Սյույչժոու քաղաքների ղեկավարների հետ, ամբողջացրեցին մեր պատկերացումները ոչ միայն Չինաստանի ներկայի, այլև՝ ապագայի հեռանկարի վերաբերյալ:
Հզոր մշակույթ, հզոր արդյունաբերություն, հզոր ենթակառուցվացքներ, և այս ամենը շնորհիվ այս երկրում ապրող ժողովրդի անսահման աշխատասիրության, իմաստության ու կազմակերպվածության: Տնտեսության, արդյունաբերության ամենատարբեր ոլորտներում այս երկրի ակնհայտ ձեռքբերումները ուղենիշ կարող են դառնալ շատերի, այդ թվում և Հայաստանի համար: