Շուշիի փառավոր հաղթանակն ու այն պահպանելու անհրաժեշտությունը
«Շուշին այն անառիկ բերդն էր, որի ազատագրումը մեզ վստահություն ներշնչեց: Եթե կարողացանք ազատագրել Շուշին, ուրեմն կարող ենք ազատագրել Արցախը». այն ինչ այն ժամանակ մտածում էին Շուշին ազատագրած մեր հերոսները: Գոյության մեր իրավունքն ամրագրած փառավոր այս հաղթանակի ու հաղթանակը պահպանելու անհրաժեշտության մասին են այսօր խոսել ազատամատիկներ Ժորա Ֆարյանն ու Հովսեփ Տոնեյանը:
1742 թվականին հայ իշնաններից մեկն անձնական շահից դրդված Շուշին նվիրել էր թուրքական խանին: Ուղիղ 250 տարի անց Շուշին ազատագրվեց՝ սրբագրելով նաև պատմական սխալները: Շուշիի ազատագորումը հայոց բանակի կազմավորման առաջին փուլի խոշոր հաղթանակն էր: Հաղթանակ, որը ռազմական արվեստի բոլոր կանոններով, ունեցած միջոցներով, գրեթե անհնար էր: «Շուշիի գործողությունը նախատեսվաված էր մայիսի հինգին, բայց տեղացած առատ ձյան պատճառով այն իրականացվեց մայիսի 7-ին: Քաղաքն ազատագրվեց 26,5 ժամում: Մայիսի 9-ի առավոտյան Շուշին արդեն ազատ էր»,- Շուշիի առանձին գումարտակի դասակի հրամանատար Ժորա Ֆարյանն է պատմում:
Ժորա Ֆարյանը նկատում է.«Շուշիի ազատագրման ամբողջ գործողության ու նրա քաղաքական նշանակության վերաբերյալ մեկնաբանություններն այս տարիների ընթացքում հաճախ են ենթարկվել փոփոխությունների՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված: Շուշին ազատագրած հերոսների կերպարներն էլ այս առումով, ցավոք փոփոխություների ենթարկվում են»: Նույն գումարտակի հետախուզական վաշտի հրամանատար Հովսեփ Տոնեյանի համոզմամբ՝ Շուշիի հերոսական էջը պետք է զերծ մնա քաղաքական շահարկումներից, որովհետև հաճախ խմբագրումների ենթարկվող պատմական էջերով սերունդներ չեն կրթվում:
Ազատամարտիկները ցավում են, որ հայ հանրությունն այսօր երբեմն հարևանի աչքով է նայում մեր հաղթանակին: Նրանց համոզմամբ՝ հաղթանակներն ու հաղթնակները կերտած հերոսներին արժեզրկելով մենք զրկվում ենք ոչ միայն հետագա հաղթանակներից, այլև գոյության իրավունքից: