
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Երեւանում այս տարվա ընթացքում հիմնանորոգվել է 40 փողոց, մասնակի բարեկարգվել են փողոցներ 1000-ից ավելի բակերում, տարին դեռ չավարտված այս տարվա աշխատանքներն է ամփոփել Երեւանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը:
Քաղաքապետարանի աշխատակիցն այսօր ընդգծեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությունը` մայրաքաղաքի գլխավոր կամ ոչ հիմնական փողոցներում մեծ կամ փոքր որեւէ փոս չպետք է լինի:
Սրան զուգահեռ` Ֆելիքս Յայլոյանը միաժամանակ համաձայն է այն քննադատությունների հետ, որ մայրաքաղաքում բարեկարգված փողոցները կամ սալիկապատված մայթերը նոր տեսքով երբեմն կարճատեւ կյանք են ունենում։ Որպես խնդրի լուծում` քաղաքապետարանը շինարարական կազմակերպությունների հետ ունի պայմանավորվածություն. աշխատանքների ավարտից հետո 5 տարվա ընթացքում առաջացած խնդիրները պետք է լուծի շինարարական կազմակերպությունը սեփական ծախսերով:
Այս տարի վերասալիկապատման աշխատանքներին կից նաեւ մեծ թվով թեքահարթակներ են կառուցվել փողոցներում: Ֆելիքս Յայլոյանը երկար թվարկեց բարեկարգված փողոցների անունները, տեղեկացրեց, որ 137 շենքերի ճակատային մասերի վերանորոգման եւ պատերի մաքրման համար ծախսվել է շուրջ 600 մլն դրամ, տոնից տոն Երեւանում դրոշներ ամրացնելու համար` 19 մլն դրամ եւ այսպես շարունակ:
Ի վերջո` Երեւանում շինարարական ծրագրերը նաեւ երթեւեկության թեթեւացում են խոստանում: Այդ հույսերը մասնավորապես կապվում են նաեւ մարզահամերգային համալիրն ամերիկյան դեսպանատանը մոտեցնող կառուցվող ճանապարհի հետ, որի արդյունքում երթեւեկությունը մայրաքաղաքում «ոչ թե մի փոքր, այլ շատ կթեթեւանա»։




