
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում իր գնահատականը եւ գոհունակությունն է հայտնել Հանրային ռադիոյի աշխատանքի վերաբերյալ:
Անկեղծ ասած, շնորհավորանքի փոխարեն, որպես ունկնդիր, ուզում եմ գոհունակություն արտահայտել, որ հանրային ռադիոն այս դժվարին եւ հարափոփոխ ժամանակներում կարողանում է պահպանել իր դեմքը՝ իսկապես չմոռանալով իր առաքելության մասին։ Ռադիոն ծառայում է հանրությանը։ Այն իր հիմնադրման օրվանից՝ 1926 թվականից սկսած, ձեռք բերեց նոր լսարան, իսկ հանրությունը վստահեց նրան որպես լրատվության եւ համախմբման միջոցի։ Այն, իր հերթին, ստանձնեց հանրության գեղագիտական ճաշակը բարձրացնելու, արվեստին հաղորդակցվելու եւ ինքնատիպ մի օջախ դառնալու դերը։
Բայց տասնամյակներ շարունակ այն դեռ պիտի մաքրվեր, զուլալվեր, ձեւավորվեր եւ ժողովրդին փոխանցեր իր իսկ երգարվեստը ու պիտի դառնար հենց այն հանգրվանը, ուր պետք է ծնվեին մեր կատարողական արվեստի մեծերը։
Եվ այս անցած—գնացած ժամանակներում ռադիոն պիտի կաթիլ—կաթիլ հավաքեր մեր մեծերի խոսքն ու իմաստությունը, մասունքի նման ամբարեր նրանց ձայնը, մեկտեղեր մի տեղում, որն այսօր, հիրավի, կոչվում է «ռադիոյի ոսկե ֆոնդ»։
Ռադիոն ինքնատիպ, իր նմանը չունեցող անսպառ աղբյուր է, որ դեռ երկար պիտի կրթի, դաստիարակի բազում սերունդների՝ անցած–գնացած ժամանակների գոհարներն ու շունչը փոխանցելով ներկայի եւ ապագայի սերունդներին՝ նպատակ ունենալով, նախեւառաջ, մեր ազգային «ես»—ը պահպանելու, արվեստի գոհարները հանրությանը ի ցույց դնելու։
Երբեմն թյուր կարծիքներ են հնչում, թե այսօր որեւէ մեկին պետք չեն ռադիոն, նրա՝ անցյալում ստեղծած արժեքները, քանի որ դրանք հին են եւ այսօրվա երիտասարդությանը հոգեհարազատ եւ ընկալելի չեն, եւ որ պետք է այդ ամենը փոխել, հինը մի կողմ թողնել, նորը ստեղծել։ Կարծեմ, այսպիսի փորձեր այլ երկրներում կան՝ իրենց դառը արդյունքներով ու զավեշտական հանգուցալուծումներով։
Բարեբախտաբար, այս մտայնությունների դեմ կարողանում է հանրային ռադիոն պատվով ու արժանապատվությամբ պայքարել ու հաղթող դուրս գալ։ Նրա հիմքերից հիմքը ակունքներին հավատարիմ մնալն է, ծանրակշիռ մոտեցումները եւ ոչ թե թիթեռնիկային պատրանքները եւ հրահանգները։ Վերջին հաշվով, ռադիոյի գերխնդիրը հանրության կարծիքները, դիրքորոշումները, տեսակետները հաշվի առնելով՝ նրան ծառայելն է եւ ոչ թե ինչ—ինչ ցնորային մտքերին ականջալուր լինելը։
Միշտ էլ զարգացումը ենթադրում է նորարարություն, ճկունություն եւ արագություն, որոնք էլ այսօր հանրային ռադիոյի որդեգրած ուղենիշներն են։ Դրա համար պետք չէ հեռու գնալ։ Պետք է ունկնդրել ռադիոլուրերի թողարկումները, դրանք միշտ լսարանի հետ են՝ իրենց հրատապությամբ, օպերատիվությամբ, մասնագիտական վարպետությամբ։ Դեռ ավելին, դրանք ոչ միայն եթերում են, այլ նաեւ կայք—էջում՝ անընդհատ թարմացվող, ոչ միայն ձայնաշարային, տեքստային, այլեւ տեսաշարային կատարմամբ։ Իսկ սա նշանակում է երեքը՝ մեկում։ Եվ երեւի ռադիոյին քիչ թե շատ մոտ կանգնած մարդիկ գիտեն, թե ինչ եռանդ ու համառ ջանքեր են անհրաժեշտ այդ ամենին հասնելու համար։ Եվ ոչ միայն լրատվությունը, մյուս հաղորդաշարերը՝ իրենց վերլուծական, մեկնաբանական հզոր լիցքերով ու պատճառաբանված ասելիքով նույնպես։
Եվ պատահական չէ, որ 2000 թվականին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հեղինակները, այդ թվում՝ տողերիս հեղինակը, առաջին հերթին, հենց այս մասին էին մտածում, որ անհրաժեշտություն է երկրում ունենալ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի առնվազն մեկական ալիք՝ հաղորդումների այնպիսի ներկապնակով, որ կարողանան բավարարել հասարակության սոցիալական տարբեր շերտերի հետաքրքրությունները, պահանջմունքներն ու շահերը։
Եվ այդպիսի մի ռադիոընկերություն՝ ի դեմս հանրայինի, ստեղծվել է մեր երկրում, որի երկարամյա գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանին հաջողվել է ստեղծել մի ռադիոընկերություն իր գրավիչ հաղորդացանցով, տարբեր սերունդների՝ իրենց գործին տիրապետող վարպետ հեղինակներով, փորձառու հաղորդավարներով։
Հեռու չգնանք, հարգելի՛ ընթերցող, եթե դուք վերջին շրջանում չեք լսել հանրայինի գրական—գեղարվեստական, երաժշտագիտական եւ մանկական հաղորդումները, ուրեմն շատ բան եք կորցրել։
Հանրային ռադիոընկերությանը հաջողվել է նաեւ պահպանել սերունդների հավասարակշռությունը։
Մի վերջին հաշվով, հանրային ռադիոընկերությունը չպետք է պատկերացնել որպես պարզապես սովորական մի լրատվամիջոց։ Այն ինքնատիպ հանրային օջախ է, ուր անթեղված են ու պահպանվում են ոչ միայն հանրային կյանքի, մեր մշակույթի, արվեստի ավանդույթները, այլեւ զարգանում է նորարական միտքը. խրախուսվում են նոր արժեքներ ստեղծելու ձգտումները, նպատակները եւ երազանքները։ Թերեւս մեր ժամանակներն ավելի քան կարեւոր են, քանի որ մեղավորներ չեն փնտրվում նորի եւ հնի պայքարում, եւ գործելակերպի միակ շարժիչ ուժը դառնում է հանուն լսարանի, որովհետեւ քիչ չեն նաեւ կորուստները։
Հանրային ռադիոն նաեւ կորուստներ ունեցավ, ցավոք, առաջին հերթին լսարանի առումով։ Մի գրչի, թե չգիտեմ ինչի հարվածով վերացվեց լարային ռադիոն՝ կրճատելով ռադիոունկնդիրների թիվը։ Եթե ուրիշ բան չլինի, մենք մոռանում ենք, որ Երեւանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում եւ լարային, շատ—շատերի տներում անընդհատ միացված ռադիոն կարող էր իր դերակատարությունը ունենալ։
Կուզենայի, որ ոչ մի լրատվամիջոց, առավել եւս հանրայինը, այլեւս կորուստներ չունենար, ունենար միայն ձեռքբերումներ։
Այս տոնական օրը գոհունակություն արտահայտելը բավական չէ։ Մի փոքր ուշացումով նրանց ուղղենք շնորհավորանքի ջերմ խոսքեր՝ մեզ այդքան մոտ ու հարազատ հանրային եթերի սերմնացաններին։




