Մշակույթ

Վաղը կնշվի Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110- ամյակը

arminegevorgyan

Մայիսի 3-ին  Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի  կունենա համերգ՝ նվիրված ժողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանի ծննդյան  110 ամյակին: Համերգին մասնակցելու  են երգի –պարի ազգագրական ավելի քան 10- ըհամույթներ: Մինչեւ համերգը «Ակունք» «Վան» ազգագրական համույթի ղեկավարները հանդիպել են լրագրողների հետ:

Հայրիկ Մուրադյանի գերազմանը վաղուց արդեն իր ընկերենրի համար վերածվել է  ուխտատեղի: Ամեն տարի նրա ծննդյան օրն ընկերները գնում են այնտեղ, ինչպես իրենք են  ասում, բաժակ են բարձրացնում, խմում նրա կենացը,  իհարկե՝ երգում իր սիրելի երգերից ու վերադառնում:

Այս տարի նույնպես, ավանդույթի համաձայն, նրանք լինելու են այնտեղ,իսկ արդեն երեկոյան՝  Առնո Բաբաջանյան համերգասրահում, տեղի է ուենալու մեծ համերգ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110 ամյակին:

Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր կապում մանկան հետ․ տատը մանկան օրորոցի բարձի տակ պարան էր դրել ասելով․ «թող շալկտար դառնա, մեջքն ամուր լինի», հայրը «Նարեկ» էր դրել՝ թող գիտուն լինի, իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնը և ասել․ «թող ֆիդայի դառնա»։ Հարևան գյուղի ավագ քահանան, որը կրթվել և դաստիարակվել էր Խրիմյան Հայրիկի բարոյական շնչի ներքո, փոքրիկին մկրտել է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին։

1921 թ․ տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատել Վերին Արտաշատում։ 1937 թ. հայազգի այլ մտավորականների նման հայտնվել է բանտում։ Նրան մեղադրում էին Խանջյանի (ՀԽՍՀ ղեկավար Աղասի Խանջյանի. Խմբ.)  դրածո լինելու մեջ։ Հայրենական պատերազմի տարիներին Հայրիկը մեկնել է ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» և երեք մարտական մեդալներով։

1965թ. առաջին անգամ եթեր է հեռարձակվել Հայրիկ Մուրադյանի ձայնը։  Հայրիկը մասնագիտությամբ պատմաբան էր և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ։ Սակայն նա առավել հայտնի է որպես հին հայկական ավանդական երգերի կատարող։ Ձայնագրվել է Հայաստանի ազգային ռադիոյում։ Նրա ձայնն է հնչում բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում։

Նրա և իր դստեր՝ Մարոյի ջանքերով 1980թ. հիմնադրվել է «Ակունք» ազգագրական համույթը, որը հետագայում մեծ ճանաչում է ստացել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և «Վան» ազգագրական համույթը։ Հայրիկ Մուրադյանը «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն էր, որը հետագայում գլխավորել է նրա դուստրը՝ Մարո Մուրադյանը։

«Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր անդամ Սարգիս Բաղդասարյանը  առաջին անգամ նախկին Գերագույն դատարանի շենքի կողքի  ձայնագրման ստուդիայում  է  լսել նրա ձայնը և ծանոթացել Հայրիկի հետ:

«Վան» ազգագրական համույթի հիմնադիր Ռոբերտ Դաշտոյանը Հայրիկ Մուրադյանին առաջին անգամ լսել է ռադիոյով  և որոշել է ծանոթանալ երգչի հետ: Այսօրվա պես Ռոբերտ Դաշտոյանը հիշում է, որ երբ ինչ- որ առիթով հավաքվում էին՝ Հայրիկ Մուրադյանը ամպայման  ասում էր. «Աստծո կողմից մարդուն տրված ամենամեծ հատկությունը երախտապարտություն է։ Մարդկային մնացած բոլոր արժանիքները՝ նվիրվածություն, սեր, հայրենասիրություն, այս բոլորը հետևանք են երախտապարտության: Երախտապարտ լինենք հողին, ջրին, ժողովրդին»։

«Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր անդամ Սարգիս Բաղդասարյանն էլ հիշելով Հայրիկ Մուրադյանին, ասում է, որ  ամբողջ երգերի փրկման համար պետք  է շնորհակալ լինենք  Հայրիկ Մուրադյանին:

«Զարմանալի հատկություն ուներ՝ համբերատարություն: Ինձ թվում էր, թե Հայրիկն այդ ժամանակների ծնունդ չէր, այլ գալիս է դարերի խորքից, առասպելական ժամանակներից: Այդքան մեղմություն, համբերատարություն, բարություն մի մարդու մեջ ամփոփված՝ չեմ տեսել»:

Back to top button