ՄշակույթՑեղասպանություն 100

Ցեղասպանությունը չարիք է, իսկ լույսը՝ պայքար չարիքի, հոգու եւ մտքի խավարի դեմ. բացվեց Նազիկ Ասլանյանի ցուցահանդեսը

«Եղիցի լույս». այս խորագիրն է կրում գեղանկարչուհի Նազիկ Ասլանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես նախորդ տարիների, այնպես էլ վերջին շրջանի ստեղծագործությունները:

«Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչպես հղացավ նման ցուցահանդեսով ներկայանալու գաղափարը, Նազիկ Ասլանյանն այսպես պատասխանեց. «Այս ցուցահանդեսը, կարծես, իմ հոգու պարտքն էր, ոչ միայն այն պատճառով, որ հայ եմ, այլեւ այն պատճառով, որ իմ նախնիները Արեւմտյան Հայաստանից են»:

Իսկ ինչպես է հնարավոր ծաղիկների միջոցով փոխանցել հայերի մեծ ցավը, մեր հարցին գեղանկարչուհին պատասխանեց. «Ընդհանրապես իմ գեղանկարչության փիլիսոփայությունը լույսն է, եւ իմ բոլոր կտավներն իրենց մեջ լույս են կրում: Լույս՝ թե՚ արտաքին, թե՚ ներքին: Իսկ ծաղիկը կյանքի խորհրդանիշ է: Այս ցուցահանդեսի համար նկարել եմ մի կակաչ, որը իմ զգացմունքներից եւ դժվար ապրումներից շատ դժվար էր ստացվում: Ստացվեց ավելի անհանգիստ կակաչ, որը ցույց է տալիս խախտված կյանքի օրենքը»,- մեզ հետ զրույցում ասաց նկարչուհին՝ ներկայացնելով ցուցահանդեսի  խորագիրն ու իմաստը:

«Այսօրվա ցուցահանդեսը կոչվում է «Եղիցի լույս»: Այն նաեւ կոչ է: Ցեղասպանությունը չարիք է, իսկ լույսը՝ պայքար չարիքի, հոգու, մտքի, էության խավարի դեմ»,- ասաց Նազիկ Ասլանյանը:

Ի դեպ նշենք, որ գեղանկարչուհին Հանրային ռադիոյի հաղորդավար, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՝ Վերա Հակոբյանի թոռնուհին է:

Back to top button