

Ապրիլքսանչորսյան միջոցառումների արձագանքները, որ եղան աշխարհով մեկ, ավելին էին, քան սպասվում էր, այսօր ասել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով թեմային: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ էլ՝ միջոցառումները բավականին զուսպ էին ու շատ բարձր մակարդակով անցկացված:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից շատ տպավորիչ դրվագներ կարելի է առանձնացնել: Թուրքիան այս քարոզչական պայքարում տանուլ տվեց, համոզված է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Այն, որ Թուրքիան քարոզչական դաշտում տանուլ է տվել, համոզված է նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա նույնպես՝ կարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ Թուրքիային չհաջողվեց Գալիպոլիի տոնակատարություններով ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:
«Եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացները սպառել էր թուրքական ժխտողականության դիրքերը, Հռոմի պապի հայտարարությունը, Եվրոխորհրդարանի բանաձեւն ու Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներն էլ սպառեցին ցեղասպանության նախաձեռնություններին հակազդելու թուրքական դիվանագիտության հնարավորությունները»,- ասում է։
Հակոբ Չաքրյանը տեղեկացրեց, որ հենց նման վերլուծություններ են հրապարակել նաեւ թուրք վերլուծաբանները: Թուրքագետի կարծիքով՝ ԱՄՆ քաղաքականությունն այս հարցում մի փոքր այլ է, քանի որ վերջինս Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո որոշակի պարտավորություններ է ունենալու հատեւանքների վերացման առումով:
Օբաման չի արտասանում «ցեղասպանություն» տերմինը՝ այդ պարտավորությունից խուսափելու համար, համոզված է թուրքագետը: Հակոբ Չաքրյանը կարծում է, որ մեր հետագա քայլերը պիտի ուղղվեն նաեւ ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրի միջազգայնացմանը:
Հետեւանքների վերացման խնդրի վերաբերյալ հստակ պատկերացումներ էլ հայոց պետականությունը պետք է ունենա ու պատրաստ լինի նաեւ նման զարգացումների, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ խոսելով իրավական հարթությունում խնդրին հետամուտ լինելու հեռանկարների մասին:
Կիրո Մանոյանի համոզմամբ էլ՝ ստեղծված իրավիճակում մենք հնարավորություն ունենք բարձրացնել հատուցման խնդիրները:
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի կանխատեսմամբ՝ այդ առումով բավականին զարգացումներ կլինեն այս տարի: Կիրո Մանոյանը, սակայն, կարծում է, որ ճիշտ կլինի, որ այդ քայլերը լինեն ոչ թե առանձին առանձին, այլ՝ հստակորեն համակարգվեն: Ասել է թե՝ հնարավորություններ կան, սակայն, անհրաժեշտ է, որ դրանք առավելագույն արդյունավետությամբ օգտագործվեն:




