ՀասարակությունՔաղաքական

Պրոբացիոն ծառայության ներդրմամբ կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները

karenghazaryan
Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում մեր երկրում ներդրվելու է նաեւ պրոբացիոն ծառայություն: Այդ ծառայությունը հսկողություն է իրականացնում ազատազրկման հետ կապ չունեցող քրեական պատիժների իրականացման նկատմամբ: Պրոբացիոն ծառայության օգուտների ու դրա հետ կապված մտահոգությունների վերաբերյալ զեկուցման շուրջ քննարկումներ են այսօր անցկացվել հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում այսօր նշել է, որ ծառայության ներդրմամբ նաեւ կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները:

 

Պրոբացիոն ծառայության ներդրման հետ կապված բազմաթիվ ուսումնասիրություններ են արդեն կատարվել: Պրոբացիոն ծառայությունը մեկ կարեւոր խնդիր պիտի լուծի: Պետք է կարգավորի ազատազրկման հետ չկապված քրեական պատիժների իրականացման հարցերը:

«Պրոբացիոն ծառայության միջոցով շատ ավելի արդյունավետ է դարձվում այս ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը, որովհետեւ բացի բուն պատժի հասկացությունից, մենք նաեւ դատապարտյալների մասով էական մի կարեւոր խնդիր ունենք: Դա դատապարտյալների վերասոցիալիզացիան է, այսինքն՝ համապատասխան քրեական պատժից հետո հասարակությանը վերաինտեգրվելը»:

Պրոբացիոն ծառայությունը նաեւ պետական միջոցների խնայողության կբերի, քանի որ կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները, որոնք այսօր գերհագեցած են գործում: Պրոբացիոն ծառայության վերահսկողության տակ գտնվող մեկ անձի համար ծախսվող գումարն էլ գերեթե տասնապատիկ ցածր է քրեակատարողական հիմնարկում գտնվող մեկ դատապարտյալի համար կատարվող ծախսերից: Նաեւ այսպիսի խնդիրներ է լուծում պրոբացիոն ծառայությունը՝ ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի:

«Ես կարծում եմ, որ պրոբացիոն ծառայությունը հնարավորություն կտա, որպեսզի մենք որպես խափանման միջոց կալանքից մի փոքր ավելի հեռանանք՝ նկատի ունենալով, որ ոչ միշտ է այս խափանման միջոցն արդյունավետ»:

Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ոլորտում որեւէ բարեփոխում Հայաստանում արդյունք կարող է ունենալ, եթե նախեւառաջ ապահովվի դատական իշխանության եւ դատավորի անկախությունը:

«Արդարադատության նկատմամբ պատկերացումը խեղաթյուրված է: Հավատը արդարադատության նկատմամբ երբ որ վերականգնվի, նման պարագայում պրոբացիան կարող է հոգեբանորեն, սոցիալական խնդրի առումով օգնի: Եթե չկա այդ հավատը արդարադատության նկատմամբ, պրոբացիոն ծառայությունը շատ քիչ բանով կարող է օգնել»:

Բնականաբար, միայն պրոբացիոն ծառայության հետ չէ կապված խնդիրը՝ ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ հիշեցնելով քրեադատավարական օրենսգրքի նոր նախագիծը, որը քննարկումների փուլում է: Այն հիմքը պետք է դնի նման խնդիրների լուծման՝ եզրափակեց արդարադատության նախարարը:

Back to top button