ԿարևորՄշակույթ

Կամուրջներ, որոնք կազմում են ամբողջական Հայաստանը. «Geneology»-ի առաջին հանդիպումը հայ լրագրողների հետ

sonahakobyan
Եվրատեսիլ-2015 երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 19-ին, 21-ին և 23-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանով:  Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին: Առաջին կիսաեզրափակիչ փուլի  ընթացքում Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: Հայաստանը մրցույթին կներկայանա «Face The Shadow» երգով, որը թարգմանաբար նշանակում է «Առերեսվիր ստվերին»:  Երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝  Իննա Մկրտչյանը:

 

«Եվրատեսիլ 2015» -ին Հայաստանը կներկայանա բոլորովին նոր և յուրահատուկ ձևաչափով: Հայաստանյան երգը կատարող  6 արտիստները, ներկայացնում են երկրագնդի 5 աշխարհամասերը և Հայաստանը, սակայն նրանց բոլորին միավորում է ազգությունը: Հայաստանը մրցույթին կներկայանա  «Face The Shadow» երգով, որը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության և իհարկե սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի:

Երգը յուրահատուկ է նաև նրանով, որ իր մեջ կարողացել է ներառել և զուգակցել 6 երգիչների ձայնային, ոճային և տեմբրային առանձնահատկությունները:  Երգի գլխավոր առանձնահատկությունը, սակայն, միասնականության գաղափարն է, կարծում են Հայաստանյան ներկայացուցիչները: Ի դեպ, բավականին հետաքրքիր է եղել նաև այս յուրօրինակ թիմը հավաքելը: Նրանցից յուրաքանչյուրը լրագրողների հետ զրույցում պատմեց իրեն արված առաջարկի և իր զգացողությունների մասին: Եվրոպա աշխարհամասից Եսայի Ալթունյանը ծնվել և ապրում է Ֆրանսիայում: Նրան մեկ անգամ չէ, որ առաջարկել են Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնել Ֆրանսիան: Սակայն ամեն անգամ նա ինչ-ինչ պատճառներով մերժել է առաջարկը:

«Սակայն երբ առաջարկ ստացա Հանրային հեռուստաընկերությունից, իսկապես ինձ համար շատ կարևոր առաջարկ էր, որը ես միանգամից ընդունեցի: Այս նախագծին մասնակցելով ինձ համար մի  նոր ճամփորդության և պատմության սկիզբ է դրվում: Եվ ես շատ ուրախ ու միևնույն ժամանակ շատ հպարտ եմ, որ Եվրատեսիլ 2015-ին  ներկայացնելու են Հայաստանը»:

Առաջարկը շատ անսպասելի էր նաև Ամերիկայում բնակվող Թամար Կապրելյանի համար: Իսկ Ավստրալիայից մասնակցող Մերի-Ջին Օ՝Դոհերթի Վասմաթզյանը երբ ստացավ Հանրային հեռուստաընկերության նամակը, մտածեց, թե իրեն առաջարկում են մասնակցել օպրային մրցույթի, սակայն երբ հասկացավ, որ խոսքը Եվրատեսիլի մասին է, շատ ուրախացավ, հատկապես երբ իմացավ, որ ներկայացնելու է Հայաստանը:

«Սիդնեյում իմ ուսուցչուհին Արաքս Մանսուրյանն է, նա էլ մատնացույց է արել իմ տեղը: Ի դեպ, Արաքս Մանսուրյանը միշտ ցանկացել է, որպեսզի ես այցելեմ Հայաստան, ճանաչեմ նաև հայ մշակույթն ու իմ հայ արմատները: Եվ իսկապես սա շատ մեծ հնարավորություն է իրականացնելու իմ և Արաքս Մանսուրյանի ցանկությունները»:

Դե իսկ Աֆրիկայից Վահե Թիլբյանը նամակը ստանալուն պես մտածել է, թե կատակ է:

Ասիայից Ստեֆանի Թոփալյանն էլ ընտանիքի հետ Ամանորն էր նշում, երբ նամակ ստացավ Հանրային Հեռուստաընկերությունից: Նա միշտ երազել էր իր գործունեությունը շարունակել ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում և կարծում է, որ այս նախագիծը մեծ հնարավորություն է տալիս իրեն իր երազանքն իրականացնելու համար:

Հեռախոսազանգից շատ հուզվել էր նաև Հայաստանից ընտրված Ինգա Արշակյանը:

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը խոստովանեց, որ բավականին երկար են մտածել, թե ում ընտրեն Հայաստանից: Վերջապես ընտրությունը կանգ առավ Ինգա Արշակյանի վրա, քանի որ նա հայկական մշակույթի կրողն է և սփյուռքում էլ հայտնի է իր հայեցի կատարումներով: Գոհար Գասպարյանը նաև նշեց, որ գաղափարի հեղինակները ոգեշնչվել են անմոռուկի գաղափարով և Եվրատեսիլի «կառուցել կամուրջներ» խորագրով:

Թե ինչ շոու է նախատեսվում, Գոհար Գասպարյանը նախընտրեց առայժմ չխոսել դրա մասին՝ թողնելով, որ այն մնա անակնկալ, միայն հավելեց, որ երգիչները հիմնականում կենտրոնանալու են ասելիքի վրա: Սակայն մինչ եվրատեսիլյան բեմը, Հայաստանը ներկայացնող թիմի անդամները հաճույքով երգեցին նաև լրագրողների համար:

 

Back to top button