Քաղաքական

Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը Երեւանում է

annanazaryan

Հայաստանի  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան ժամանած Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսի ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններին հաջորդել է մամուլի ասուլիսը:

Նախարար Նալբանդյանը լրագրողներին տեղեկացրել է, որ երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցեր, նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Նախարար Նալբանդյանը հիշատակել է, որ 1998 թվականին Բելգիան ճանաչել է ցեղասպանությունը և հայ ժողովրդի կողքին է եղել դժվարին պահերին. Իսկ անդրադառնալով պաշտոնական Անկարայի ջղաձիգ արձագանքներին, որ հնչեցին 100-րդ տարելիցի շրջանակներում  նշել է, որ «Թուրքիայի հակաարձագանքի մասին կասեի, որ Թուրքիան վերջին շրջանում քննադատում է բոլորին՝ Հռոմի պապին, Ռուսաստանին, Ավստրիային, Ֆրանսիային: Կարծում եմ, որ Թուրքիային ավելի հեշտ կլինի մեկ հայտարարություն անել՝ քննադատելով միջազգային հանրությունը, որ իրենք խոսում են մի լեզվով, որ Թուրքիան չի հասկանում: Այդ դեպքում գուցե մտածես, որ սխալը հենց քո մեջ է»։

Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսն էլ նկատել է, որ Բելգիան այդ կապակցությամբ իր խոսքն ասելու առիթ արդեն ունեցել է։ «Մասնավորապես Բելգիան դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով Հայոց ցեղասպանության հարցում նախաձեռնություն դրսևորել:

«Կարծում եմ՝ պետք է միջազգային համաժողովներ կազմակերպել, ինչպես նաեւ մերձեցնել տարբեր իրավիճակների վերաբերյալ տարբեր մոտեցումներն ու տեսակետները»,- ասել է Դիդիե Ռեյնդերսը:

Back to top button