

Գնահատականը, թե ապրլի 24-ից հետո Ցեղասպանության ճանաչմանն ու հատուցմանն ուղղված աշխատանքը ոչ թե ավարտվում, այլ նոր ու ավելի կարևոր փուլ է տեղափոխվում, այսօր հնչել է սփյուռքահայ գործիչների քննարկման ժամանակ: Միջազգային իրավունքի մասնագետները փորձել են ամփոփել մինչ այժմ կատարված աշխատանքն ու հնարվորինս հստակ ձևակերպել, թե ինչ իրավական հիմքերի վրա հենվելու հաջորդ փուլը:
Ապրիլի 24-ով գործընթացը ոչ թե ավարտվում, այլ ավելի լուրջ ու պատասխանատու փուլ է տեղափոխվում: Ուրեմն՝ ինչ է սպասվում ապրիլի 24-ից հետո, որոնք են լինելու հաջորդ քայլերը:
«Շատ զգոն պետք է լինենք, որ չանենք այնպիսի քայլեր, որոնք կարող են մեր դիրքերը թուլացնել ապագայում»:
Իրանցի փորձագետ Վահե Թուրոյանը համոզված է , որ Հայոց ցեղասպանության խնդիրը ճանաչման երկարատև փուլից անցում է կատարում դեպի պահանջատիրություն փուլ: Ընդ որում, նա չի կարծում, որ այդ անցումը կատարելու համար անհրաժեշտ նախապայման է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
«Թուրքիան կընդունի թե չի ընդունի դա մի հարց է, քանի երկիր կընդունի ՝ դա էլ մեկ այլ փաստ է : Այդ ընդունումը իրավական նոր փաստեր չի ավելացնում մեր փաստաբանների ձեռքին: Ճանաչելը լավ է, բայց չենք կարող կենտրոնանալ միայն դրա վրա: 1.5 մլրդ քրիստոնյա Պապին հետևելով այսօր ճանաչում է Ցեղասպանությունը, բայց մենք խոսում ենք իրավական լուրջ գործընթացի մասին՝ միջազգային կոնվենցիաներ, ՄԱԿ, միջազգային փորձ: Ճանաչելը կարևոր էր այնքանով, որ մեզ թույլ տվեց անցնել մյուս՝ պահանջատիրության փուլ»:
Իսկ պահանջատիրություն ասվածը ոչ թե պարզապես հայտարարություն է, այլ՝ լուրջ ու երկարատև աշխատանք՝ տարբեր բաղադրիչներով ու մի քանի փուլերով: Այդ պահանջները մշակելու և ներկայացնելու համար լուրջ նախապատրաստություն է անհրաժեշտ: Մասնագետները կարծում են, որ այդ աշխատանքի մեկնարկը տրված է, բայց Հայաստանն ու Սփյուռքն առայժմ պատրաստ չեն շրջանառության մեջ դնել այդ փաթեթը: Այդ կարծիքին է, օրինակ, միջազգային իրավունքի փորձագետ Սուրեն Սերայդարյանը Ավստրիայից:
«Որոշակի աշխատանք տարվել է թե Սփյուռքում, թե Հայաստանում: Գործի մեկնարկը կարելի է ասել տրված է, բայց ասել, թե պատրաստ ենք այդ հայտ ներկայացնելու, ճիշտ չէ: Առայժմ պատրաստ չենք»:
Խնդիրը իրավական հարթություն տեղափոխելիս պետք է հստակեցնել թե, ով է պահանջատերը կամ ով է իրավունքի տերը: Ըստ ավստրիացի փորձագետի ՝ պահանջատերը Հայոց ցեղասպանությունից տուժած արևմտահայերի ժառանգներն են և Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհներից մեկը Միջազգային քրեական դատարան դիմելն է: Դրան հասնելու է համար պետք է հնարավորինս հստակ դառնա պահանջների իրավական փաթեթը: Ի դեպ, Համահայկական հռչակագրում նշվում է Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ հետեւանքների հաղթահարման համար պահանջատիրության թղթածրարի պատրաստման խնդիրը:
«29 հունվարի հռչակագիրը բարոյալկան մեծ ուժ ունի, բայց իրավական ուժ չունի: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ընդամենը սկիզբն է»:
Արևմտահայերի ազգային համագումարը, որի նախագահն է Սուրեն Սերայդարյանը, վերջերս 25 էջանոց զեկույց է ներկայացրել, որում վերլուծել է ներկայացվելիք պահանջների իրավաքաղաքական հիմքը: Սուրեն Սերայդարյանը կարծում է, որ որ հաջորդ փուլի աշխատանքը պետք է սկսվի նման մի նախագծից ՝ Հայաստան- Սփյուռք համագործակցությամբ և անելիքների հստակ բաժանմամբ:




