Ջրի կաթիլը քար է ծակում.թուրք ընդդիմադիր գործիչը շարունակելու է պայքարը՝ հանուն արդարության
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման և հայոց ցավը կիսելու համար, այս օրերին Հայաստանում են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր: Նրանց թվում են նաև ազգությամբ թուրք, սակայն իրենց հայամետ գործունեությունը Եվրոպայում ծավալող «Ընդդեմ ցեղասպանության» և «Բեռլինում ցեղասպանությունից տուժածների զորակցության» կազմակերպությունների ներկայացուցիչները: Վերջինիս նախագահ Ռեջեփ Մարաշլը ամեն տարի ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է գալիս «Մեր գլուխը կախ է, ամոթը՝ մեծ. մինչև այսօր ապրում ենք հայկական հողերում» պաստառով:
Ասում է, ամեն անգամ, երբ հանդիպում եմ հայի, նրա ազգային ինքնությունը տեսնում եմ 1915 թվականի ցավն իր մեջ կրող աչքերից: 2000 թվականից Բեռլինում ապրող Ռեջեփ Մարաշլը թեև շատ է հանդիպել հակահայ քաղաքականության, սակայն պայքարում և պայքարելու է մինչև արդարացի լուծման հասնելու համար: Վերջինիս խոսքով՝ Բեռլինում իրենց շարքերը համալրող թուրքերի թիվն էլ ավելի կմեծանա, եթե գերմանաբնակ թուրքերի կապերը վերջնականապես խզված լինի Անկարայի հետ:
«Մեր կազմակերպության արածը մի կաթիլ է ծովում, սակայն կգա ժամանակ, որ այդ կաթիլները կծակեն քարեր»:
Գերմանիայում գործող մեկ այլ ՝ «Ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահազգությամբ թուրք Ալի Էրթանը երկրորդ անգամ է այցելում Հայաստան, առաջին անգամ եղել է 1999 թվականին: Հայոց դատի արդարացի լուծման համար պայքարող Ալի էրթանն էլ նշեց, որ մինչև չլուծվի հայկական հարցը, մարդկությունը երբևէ հանգիստ չի կարողանա ապրել: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին լծված կազմակերպության նախագահն ասում է, որ պաշտոնական Թուրքիան, չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, արդեն խնդիր է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև՝ իր սեփական ժողովրդի հետ:
«Մենք, եթե կարողանանք մեր իսկ համայնքներում զարգացնել հայամետ գաղափարախոսություն, թուրքական իշխանությունների խնդիրն այդ դեպքում կլինի իր սեփական ժողովրդի հետ: Ճիշտ է` շատ ենք ուշացել նման գործընթացից, սակայն որպես պարտք, պետք է հասնենք մեր նպատակին»:
Աշխարհը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար 100-ամյա տարելիցին ընդառաջ պոռթկաց, սակայն դա դրական որևէ փոփոխություններ չի մտցնի թուրքական ժխտողական քաղաքականության մեջ, քանի դեռ իշխում է էրդողանական վարչակազմը, նշեց Ալի Էրթանը: Իր հայամետ քաղաքականության համար 17 տարի թուրքական բանտերում անցկացրած Ռեջեփ Մարաշլն էլ է կիսում գործընկերոջ կարծիքը, ավելացնելով, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն այն դեպքում, երբ իմանա, որ այդ թնջուկից դուրս կգալու նվազագույն կորստով:
«Ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում նրանք կգնան այդ քայլին»:
Հայաստան ժամանած ազգությամբ հայ ֆրանսաբնակ Վիկտոր Ակուշը, ով ներկայացնում է Ֆրանսիայի Դերսիմի հայերի միությունը: Եվրոպայում ապրող հայերին իրենց արմատներին վերադարձնելու համար սկսել են լայնածավալ գործընթացներ:
«Դերսիմի հայությունը իր ազգային պատկանելության մասին սկսեց բարձրաձայնել հատկապես Ակոսի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Եվ այսօր արդեն Դերսիմում գործում է հայկական միություն»:
Դերսիմահայ Վիկտոր Ակուշն էլ է կարծում, որ Թուրքիայի իշխանությունը չի կարողանում առերեսվել պատմությանը, քանի դեռ չգիտի, թե որքան է կազմելու փոխհատուցումը: