
Կրեմլը չի կարծում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը պատճառ է Թուրքիայի կողմից բացասական արձագանքի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ -ը։
Գործակալության խնդրանքով Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ առաջնորդի հայտարարության վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քննադատությանը: Հիշեցնենք, որ երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինը 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցծը ցեղասպանություն էր անվանել:
«Մենք չենք կարծում, որ նախագահի մասնակցությունը հիշատակի միջոցառումներին կարող է ինչ-որ կերպ բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը քննադատել է ռուս առաջնորդի արտահայտությունները, ով 1915թ. դեպքերը գնահատել է որպես ցեղասպանություն։
Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, ԵԱՏՄ կազմում է ընդգրկված եւ բացի այդ, ՌԴ տարածքում ապրում են մեծ թվով հայեր և որ Մոսկվան ու Երևանը կապված են խորը պատմական արմատներով։
«Բնական է, որ նախագահը եղել է երևանյան հիշատակի միջոցառումներին այլ պետությունների առաջնորդների հետ։ Շատ կարևոր է ուշադիր ծանոթանալ Պուտինի ելույթին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաև նշել է, որ Թուրքիան ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է։ «Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունների զարգացման հեռանկարները բավականին լայն են։ Մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է Պեսկովը։




