Ապրիլքսանչորսյան առավոտը Ստամբուլում
Լիլիթ Գասպարյան
«Ռադիոլուր»-Ստամբուլ
Վաղ առավոտից ստամբուլահայերը 1915 թվականին զոհ դարձած իրենց նախնիների նկարները ձեռքներին, Տեր ողորմեա երգելով երթով շարժվում են Ստամբուլի փողոցներով: Հայ համայնքի ներկայացուցիչները կուղեւորվեն դեպի Հանրապետության պողոտա, որտեղ ժամանակին ապրել է Կոմիտաս Վարդապետը: Այնտեղ նախատեսվում է անցկացնել լռության րոպե:
Հատված՝ «Ռադիոլուր» -ի ժամը 09.00-ի թողարկումից
Ինչպես ամբողջ աշխարհում Թուրքիայի մի շարք քաղաքներում եւս անցկացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք համակարգվում են մի քանի կազմակերպություններից կազմված «Հայոց ցեղասպանության հիշատակման մայր պլատֆորմի» կողմից։
Թուրքիայի մարդու իրավունքների միության ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի անդամները Ստամբուլ եկած Եվրոպայի հայկական խորհրդի անդամների հետ միասին Ստամբուլի Բայազետի հրապարակում առավոտյան հիշատակման միջոցառում են կազմակերպել։ Միջոցառմանը հարգել են 1915-ի հունիսի 15-ին Բայազետի հրապարակում կախաղան հանված Հնչակյան կուսակցության 20 անդամների հիշատակը։
Ստամբուլահայերի մի խումբ այցելել են Ստամբուլի Էլմադաղի շրջանում գտնվող Կոմիտաս վարդապետի տուն եւ Կոմիտաս վարդապետի եւ նույն տանը ապրած Ավետիս Նաքաշյանի հիշատակին շենքի դիմաց հուշագիր կդնեն։ Նույն խումբը ավելի ուշ Բալըքըլը կոչվող գերեզմանատանը 1915-ի զոհերի համար հիշատակի միջոցառում է անցկացրել։
3.Սուլթանհամեդ հրապարակում գտնվող Թուրք եւ իսլամական արվեստի թանգարանի (1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված հայերին պահել են այս շենքում-խմբ) առաջ 11։00-ին հիշատակի միջոցառում կլինի։ Միջոցառումից հետո անձայն քայլերթ է լինելու դեպի Էմինօնու, որտեղից մասնակիցները նավով կանցնեն դեպի Հայդարփաշայի կայարան։
4.2011-ի ապրիլի 24-ին ծառայության ժամանակ զինակցի կողմից սպանված Սեւակի հիշատակմանարարողությունը տեղի կունենա 15։30-ին, Շիշլիի գերեզմանատանը։
5.«Նոր Զարթոնք» շարժման կոչով հավաքվածները 18։30-ին Ստամբուլի Գալաթասարայի լիցեյի մոտից կշարժվենդ եպի Թաքսիմի հրապարակ։ 19։15-ին Իսթիքլալ պողոտայում «Հայոց ցեղասպանության հիշատակման մայր պլատֆորմի» կողմից հիշատակի մեծ միջոցառում է տեղի ունենալու։
6.Ստամբուլի միջոցառումներին զուգահեռ Դիարբեքիրում Կոմիտաս ինստիտուտի, Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի, Դիարբեքիրի փաստաբանների պալատի եւ «Զան» հիմնադրամի մասնակցությամբ 12։00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակների մոտ 1915-ի հայ զոհերի հիշատակի միջոցառում են իրականացնելու։ Դիարբեքիրի եւ Սուրի քաղաքապետարանների աջակցությամբ միջոցառմանը ակտիվ մասնակցություն է լինելու, որի ժամանակ հայտարարություններով հանդես կգան հայ, քուրդ եւ ասորի գործիչներ։
Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների հետ զուգահեռ Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի անդամները հերթով այցելելու են Բիթլիս, Մոտկան, Սասուն, Վան, Մուշ եւ Դիարբեքիր, կազմակերպելու են հանդիպումներ եւ կոնֆերանսներ։