ՄիջազգայինՑեղասպանություն 100

Քիշնեւում արգելվել է ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ցուցադրությունը՝ «կառավարական շրջանակների ցուցումով»

Քիշնեւի «Օդեոն» կինոթատրոնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմի ցուցադրությունը չեղյալ հայտարարելը հայ համայնքի դժգոհությունն է հարուցել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ցուցադրությունից մի քանի րոպե առաջ հայտարարվել է, որ կինոնկարը չի ցուցադրվի անցանկալի միջադեպերից խուսափելու համար։ Դա վրդովեցուցիչ է»,- հայտարարել է Մոլդովայի հայ համայնքի ղեկավարներից Ստանիսլավ Վարդանյանը։

Կինոթատրոնում հավաքվածներին համայնքի ղեկավար Էռնեստ Վարդանյանը հայտնել է, որ կիոնկարը չեն ցուցադրի քաղաքական դրդապատճառներով։

Էռնեստ Վարդանյանը «ՌԻԱ Նովոստինն» հայտնել է, որ ցուցադրումից առաջ իրենց հայտարարել են, որ չենք կարող դա անել, «ցուցումը կառավարական շրջանակներից է եղել»։ Նա ընդգծել է, որ հիշատակի միջոցառումներին հրավիրվել էին մոլդովացի հայտնի գործիչների, լրագրողների, քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների եւ տարբեր երկրների դեսպանների։

«Ակնհայտ է, որ կինոցուցադրության ձախողումը Մոլդովայում դիվանագիտական սկանդալի պատճառ կդառնա։ Դեսպաններկ գնացին միջադեպից վիրավորված։ Հայաստանի ԱԳՆ- ն տեղեկացված է»,- ասել է նա։

Հայոց ցեղասպանության մասին պատմող թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքի «Սպի» գեղարվեստական կինոնկարում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է թուրքական Մարդինում ապրող հայ տղամարդու, ով 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ իր երկու դուստրերին փնտրելու համար ուղևորվում է ԱՄՆ։ Թուրք ազգայնականները մինչեւ ֆիլմի մեծ էկրան բարձրանալը  սպառնացել էին գերմանաբնակ ռեժիսորին։ Նրանք համոզված են, որ «Սպին» առաջին քայլն է՝ Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք նաև

Back to top button