ԿարևորՀասարակությունՑեղասպանություն 100

Սրբադասվեցին Հայոց ցեղասպանության նահատակները (ֆոտոշարք)

Հայոց ցեղասպանության նահատակներն այսօր սրբադասվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած արարողության ժամանակ: Այս սրբադասման արարողությունը գնահատվում է իբրեւ պատմական եւ հոգեւոր մեծ իրադարձություն: Հայ եկեղեցու կողմից սրբադասված վերջին սուրբը Մովսես Տաթեւացին է: Նրանից հետո 400 տարվա ընդմիջում է եղել:

Այսօրվա արարողության համար մշակվել են հատուկ ծիսական արարողակարգ, պատրաստվել է շարական, սրբապատկեր, վկայաբանություն: Կատարվել է հավաքական սրբադասում, չեն նշվել ոչ անհատների անուններ, ոչ նահատակների 1,5 մլն թիվը:

Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների տնօրինությամբ 2005 թվականին ձեւավորված հանձնախումբն ուսումնասիրել է սրբադասման կարգի վերականգնման հնարավորությունը: Նախկինում էլ սրբադասման հստակ կարգ չի եղել, բայց հայտնի են անհրաժեշտ պայմանները՝ նահատակություն հայրենիքի եւ հավատքի համար, սրբակենցաղ վարքն անհատի կամ հավաքականության, հրաշքի առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ գերեզմանի վրա եւ 4-րդ՝ հավատքի, Աստծո խոսքի տարածում։

Արարողության ժամանակ տեղի է ունեցել նաեւ Հայոց ցեղասպանության նահատակներին պատկերող Սրբապատկերի քողազերծումը եւ օծումը:

 

 

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը

 «Իսկ եթէ նախատիցի՛ք ևս

վասն անուանն Քրիստոսի,

երանելի՛ էք, զի …Աստուծոյ Հոգին

ի վերայ ձեր հանգուցեալ է»

(Ա Պետ. Դ 14)։

Սիրելի բարեպաշտ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Քրիստոսակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս նվիրական սրբավայրում այսօր միասնական աղոթքով փառք ենք վերառաքում Ամենազոր Աստծուն իր բոլոր պարգևների համար: Փառաբանում ենք Երկնավորին, որ զորություն տվեց մեր ազգին՝ իր դարավոր պատմության փորձությունները հաղթահարելու, Հայոց Ցեղասպանության արհավիրքներից վեր հառնելու, իր նոր կյանքի հաղթանակներն ու ձեռքբերումները կերտելու: Օրհնաբանում ենք Տիրոջը, որ վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված Ցեղասպանության վկաներին թագադրում է սրբության պսակով ու նրանց բարեխոսությամբ հեղում մեր կյանքին Իր անսպառ ողորմությունները:

Հայոց Ցեղասպանության դժնդակ տարիներին մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ծրագրված կերպով տեղահանվեցին և ջարդի ենթարկվեցին, անցան հրի ու սրի միջով, ճաշակեցին տանջանքների ու վշտի դառը պտուղները, սակայն սոսկալի նեղությունների մեջ, մահվան հանդիման մնացին Քրիստոսի սիրով զորացյալ՝ բերելով վկայությունը անսասան հավատքի՝ համաձայն առաքելավանդ խոսքի. «Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք,  քանի որ…Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրայ»:

Քրիստոսին նահատակությամբ վկայելը ընդելուզված է մեր ժողովրդի կյանքին: Սրբության, առաքինության, անձնվիրումի հոգևոր սխրանքի բազում վկայություններ են արձանագրված նաև Հայոց Ցեղասպանության ողբերգական տարեգրության մեջ: Քրիստոնեական հավատքի համար հալածվող հայորդին աղոթքով է անցել նահատակության ճանապարհը, իսկ նրան անդուլ դաժանությամբ հալածողը կարծել է, թե իսպառ արմատախիլ է անում Քրիստոսի հանդեպ սերը հայի կյանքից: Հիսուս Քրիստոսի համար նահատակ հայորդու արյունը անխախտ հավատքի ու ազգասիրության դրոշմն է դրել անապատի ավազներին, մինչդեռ եղեռնագործը կարծել է, թե հայը անհետ կորչում է պատմության հողմերում: Քրիստոսանվիրումի և հայրենյաց սիրո նույն այդ ոգով մեր ժողովուրդը հոգևոր և ազգային իր կյանքն է վերակերտել աշխարհի բոլոր կողմերում, վերածնունդ ապրել Արևելյան Հայաստանում՝ մոխիրներից հառնած իր պետության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է զոհողություններով, մաքառումով, մարդկային խղճի ու իրավունքի առջև իր արդար դատը բարձրաձայնելու ջանքերով՝ միշտ աղոթքով հիշելով բյուրավոր վկաներին Հայոց Ցեղասպանության:

Նահատակության պատմությունը պարզ փաստերի ու դեպքերի շարադրանք չէ միայն, այն մեր առջև պարզվող հավատքի Ճշմարտությունն է, որի հանդիման անզոր են հալածանքն ու ոճրագործությունները, քաղաքական խարդավանքն ու դավադրությունները:  Նահատակությունը մարդկային կյանքը և պատմությունը կապում է ավելի զորավոր, երկնային մի իրողության հետ, որն անդրանցնում է ժամանակը և ծավալվում դեպի հավերժություն` ըստ տերունական խոստման. «Մի երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. …եղիր հաւատարիմ մինչև մահ, և Ես քեզ կեանքի պսակը պիտի տամ» (Յայտն. Բ 10): Քրիստոսին վկայած մեր նահատակները մեր հոգու հայացքը երկրային իրողություններից բարձրացնում են դեպի երկնային կյանք, հոգևոր զվարթություն պարգևելով  նրանց  բարեխոսությունը հայցողներիս և քաջալերելով  Տիրոջն ապավինելու, փորձությունների հանդիման  չերկնչելու և տերունաշնորհ կյանքն ապրելու հավատքի, հույսի և սիրո գործերով: Ցեղասպանության նահատակներն այսօր երկնքի արքայության լուսեղեն օթևաններում մարտիրոսության պսակով զարդարված՝ արդարության, մարդասիրության, խաղաղության հովանավոր սրբեր են, որոնց բարեխոսությունը երկնքից Աստծո ողորմության և շնորհների աղբյուրն է բացում այնտեղ, ուր տկարանում է արդարությունը, խախտվում են խաղաղության անդորրն ու ապահովությունը, ուր ոտնահարվում են մարդկանց և ժողովուրդների իրավունքները, սպառնալիքներ են հառնում ընդդեմ հասարակությունների բարօր կեցության, մոլեգնում են հալածանքներ հավատքի և ինքնության դեմ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մենք ամենքս այսօր ականատեսն ենք մեր պատմության հոգևոր վերափոխման, որին մասնակից ենք թե՛ հավաքաբար, և թե՛ անհատաբար: Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում  եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում` Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն: Այսօր մեր սուրբ նահատակների հավատքի և հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչև Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչև աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ՝ զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով և մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով:

Այսօր աշխարհի բոլոր կողմերում մեր ժողովրդի աղոթքները միահյուսված են աղոթքներին սրբազան այս արարողության, որին իրենց մասնակցությունն են բերում Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Առաջին Տիկնոջ հետ, Մեր հոգևոր եղբայր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ի Քրիստոս Մեր սիրեցյալ եղբայրները՝ հոգևոր Պետեր և ներկայացուցիչներ քույր Եկեղեցիների, Հայ Կաթողիկե և Ավետարանական Եկեղեցիների բարձրապատիվ ներկայացուցիչները, հայոց և բարեկամ երկրների պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսության անդրանիկ հայցով այսօր Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված,

որ Իր օրհնության ներքո անխռով պահպանի մեր ժողովրդին և համայն մարդկությանը,

որ հագենա արդարության ծարավի հոգին մեր ժողովրդի,

որ աստվածային ողորմությամբ արդարության և Ճշմարտության շողերը փայլատակեն աշխարհում և ցրեն մարդկության կյանքն ալեկոծող ոճիրների և եղեռնագործությունների խավարը, և եղբայրության ու համերաշխության մեջ մարդկությունը կերտի իր բարօր ու երջանիկ կյանքը:

Թող սուրբ նահատակների բարեխոսությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ հետ և ամենքի՝ այսօր և միշտ. ամէն»:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի խոսքը

 

«Այսօր հերոս նահատակներին, բյուրավոր սրբերին կգան միանալու մեր մեկուկես միլիոն նահատակները: Հարյուր տարի շարունակ մենք հիշեցինք մեր նահատակներին: Վայ այն ազգին, ով կմոռանա իր նահատակներին», — Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ընթացքում իր խոսքում ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը։

Նա նշեց, որ մեկուկես միլիոն սրբացած նահատակները մեր ժողովրդի կյանքում պետք է մնան անլռելի զանգակատուն՝ հիշեցնելով հայ ժողովրդին քրիստոնեական հավատքը, քրիստոնեկան բարոյական արժքները, ապրելու և ապրեցնելու ճշմարիտ ճանապարհը:

«Հարյուր տարի շարունակ մենք հիշեցինք մեր նահատակներին, պետք է շարունակենք հիշել ու հիշեցնել, հատկապես աշխարհից պետք է պահանջենք, հավատարիմ ձեր սրբազան կտակին, արդարություն, մեր ժողովրդի բռնաբարված իրավունքների վերականգնում:

Սուրբ նահատակներ, պաշտանեք մեր սիրելի հայրենիքը, պայծառակերպեք ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրիդն: Ցույց տվեք մեզ դեպի հավերժություն, դեպի ժողովրդի իրավունքների արդար հատուցում առաջնորդող սրբազան ճամփան»,- ասաց Արամ Առաջինը:

Back to top button