

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին մասնակցում է ավելի քան 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից: Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:
Միջազգային գիտաժողովի առաջին նիստի թեման է «Մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացումը միջազգային իրավունքում»: Այս նիստի ընթացքում քննարկվելու են «Մարդկության դեմ հանցագործության» հայեցակարգի ձևավորման պատմական զարգացումը և դրա հետագա ընդլայնման հնարավոր հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվելու տարբեր վայրերում և ժամանակաշրջաններում իրականացված զանգվածային բռնարարքների համեմատական ուսումնասիրությանը:
Երկրորդ նիստի թեման Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրներն են: Այս նիստի մասնակիցները քննարկելու են ցեղասպանության հանցագործության համար պատասխանատվության, իրավունքների վերականգնման և չկրկնման երաշխիքների թեման՝ կենտրոնանալով առկա դրական փորձի և չլուծված խնդիրների վրա:
Ֆորումի երկրորդ օրվա լիագումար նիստը խորհրդարանական է՝ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:




