
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը կառավարության նիստից հետո անդրադարձել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների առիթով արած գրավոր հայտարարությանը:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ»- ի` Արընչը, կարդալով Դավութօղլուի «ցավակցական» հայտարարությունից մի հատված, այն անվանել է մի հրաշալի հայտարարություն, որտեղ ասվում է, որ այն ամենը, ինչը հայերն են ապրել 1915-ին, չի կարող ցեղասպանություն որակվել:
Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ իրենք ամեն տարի ապրիլի 24-ին նշում են Դարդանելի ռազմական գործողություններում տարած հաղթանակն ու աշխարհին ներկայացնում այդ հաղթանակի` մարդկությանը բերած նպաստը, իսկ հայկական սփյուռքն ամեն տարի այդ օրը պատկերացնում է որպես ցեղասպանության օր ու այդ ուղղությամբ շատ ջանքեր գործադրում:
«Մենք հավատում ենք, որ մեր պատմության մեջ նման սև էջ չկա: Մենք երբեք չենք դավաճանել: Մենք գիտակցաբար, միտումնավոր ու ցանկանալով ցեղասպանություն չենք արել: Աշխարհում ցեղասպանություն իրականացնողները հայտնի են: 1915-ին Թուրքիայում տեղի ունեցածը չի կարող տեղավորվել ՄԱԿ-ի բնութագրման մեջ»,- ասել է Արընչը:




