Հասարակություն

Գիտնական.«Հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել»

karenghazaryan
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը: Հիմնական զեկուցմամբ է հանդես եկել ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը: Գենետիկական քարտեզը հնարավորություն է տալիս պատկերացում ունենալ նաեւ գենետիկական անցյալի մասին:

 

 

Առաջին անգամ ներկայացվեցին պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները: Այն մի խումբ հայ գիտնականների 17 տարվա ուսումնասիրությունների արդյունք է, որոնց մասնակցել են նաեւ արտասահմանցի գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Վիլեն Հակոբյանի խոսքով՝ Գենետիկական քարտեզը միայն զուտ գիտական հետազոտություն չէ:

«Այն ծառայում է հայ ժողովրդի գենետիկական արմատների վերհանմանը»:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նույնպես վստահ է, որ Գենետիկական քարտեզը օժանդակելու է պատմական ուսումնասիրություններին՝ ակունքները մինչեւ վերջ բացահայտելու առումով: Այն ունի գիտաքաղաքական նշանակություն:

«Մեր տեսակը, որը Հայկական լեռնաշխարհում ձեւավորվել է եւ հետո հնդեւրոպական-արիական տեսակը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ, բուն հայրենիքում, ցավոք սրտի, այդ տարածաշրջանն արդեն հայաթափ է արված: Գենետիկական ուսումնասիրությունն իր հետ բերում է երեւույթներ, որոնք առաջին հայացքից, թվում է թե, անհնարին է ուսումնասիրել եւ դրանց արմատները վեր հանել»:

Ուսումնասիրություններն անցկացրած խմբի ղեկավար, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լեւոն Եպիսկոպոսյանի խոսքով՝ գենետիկական քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Ուսումնասիրվել է  պատմական Հայաստանի տարբեր շրջանների բնակիչների ժառանգների գենոֆոնդը:

«Հուրախություն բոլորիս՝ մենք, այնուամենայնիվ, կրում ենք մեր մեջ անջնջելի տեղեկություն, որն այսօր թույլ է տալիս վերականգնել մեր նախնիների գենետիկական պատկերը եւ դրանով իսկ ամփոփել պատմական Հայաստանի գենետիկական պատկերը»:

Հետազոտության կարևորագույն եզրակացություններից մեկն, ըստ Լեւոն Եպիսկոպոսյանի, այն է, որ հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել` չնայած բազմաթիվ օտարածին ներխուժումների: Ավելին, համաձայն նորագույն տվյալների՝ հայերի մոտ խառնակում գրեթե տեղի չի ունեցել նախորդ 3000 տարիների ընթացքում:

Back to top button