Հասարակություն

Ժողովրդագիրը հորդորում է այս տարի ձեռնպահ մնալ ՌԴ աշխատելու մեկնելուց

lianaeghiazaryan

Այս տարի, եթե ամենափոքր հնարավորության անգամ կա, պետք է ձեռնպահ մնալ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելուց, հորդորում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: ԵՏՄ անդամակցությունը Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների դրությունը դեպի լավը չփոխեց: Ավելին` Ռուսաստանում սրված տնտեսական խնդիրներն ամենաուղիղ կերպով անդրադառնում են հայերի զբաղվածության ու աշխատավարձերի վրա: Տեղի ազգաբնակչության վերաբերմունքն էլ առանձնապես լավ չէ, քանի որ դրսից եկած աշխատողներն ինչ-որ առումով զբաղեցնում են աշխատատեղերն իրենց փոխարեն:

Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի մեկնողների պատկերն այժմ փոխվել է, թե որ ուղղությամբ, դեռ դժվար է ասել: Դա կպարզեն ներկայում անցկացվող հարցումները: Այս պահին, ըստ ժողովրագիր Ռուբեն Եգանյանի, ճշգրիտ վիճակագրություն չկա, թե քանի աշխատանքային միգրանտ կա Ռուսաստանում, և քանիսն են նրանցից հայտնվել «սև ցուցակում»։

Վերջին տվյալները 2003թ.-ինն են: Այժմ 1500-1700 տնտեսություններում հարցումներ են անցկացվում միգրացիոն երևույթների, վերջին երեք տարիներին մեկնումների պատճառների և խնդիրների մասին: Հարցումներն իրականացվում են պետության պատվերով, հարցման նպատակն է ունենալ քանակական գնահատականներ միգրացիոն տեղաշարժերի մասին:

Եգանյանը հորդորում է այս հարցման մասնակիցներին լինել առավել քան ուշադիր, քանի որ այս հարցումներից է կախված միգրացիոն ճշգրիտ պատկերը: Իսկ մինչ նոր պատկերը հստակեցվի, հայ միգրանտները Ռուսաստանում բախվում են նոր խնդիրների, ասում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ու դա բացատրում այդ երկրում սրված ու գնալով սրվող տնտեսական խնդիրներով: Լավը սպասել դժվար է, ասում է բանախոսը` որոշ բացառություններով: «Չեմ կարծում՝ իրավիճակը կբարելավվի, չնայած մեր միգրանտների վիճակը ավելի լավ կլինի, քան այն միգրանտներինը, որոնց երկրները Մաքսային միության կազմի մեջ չեն»,- ասում է Եգանյանը։

Տնտեսական խնդիրներից առանձնացնելով հասարակական հարցերը` Ռուբեն Եգանյանը փոխանցում է իր դիտարկումները` քաղաքական և կենցաղային առումով հայ միգրանտների հանդեպ վերաբերմունքը մնացել է նույնը: Նրանք, ինչպես և մնացած միգրանտները, համարվում են ազգաբնակչության համար անընդունելի, քանի որ տեղի բնակչությունը նրանց պատճառով զրկվում է աշխատատեղերից, սրանից օգտվում են որոշակի խավեր, առաջ են գալիս կոռուպցիոն երևույթներ, բացատրում է բանախոսը:

Շատ դեպքերում հայ աշխատողների շահերն ուղղակի ոտնահարվում են, չի վճարվում ամիսների աշխատանքի դիմաց, միգրանտների համար փաստաթղթերով այլ աշխատավարձ է նշվում, բայց վճարվում է ուղիղ կեսը: Բոլոր այսօրինակ մտահոգությունները հիմք ընդունելով` ժողովրդագիրը պարզապես խորհուրդ է տալիս այս տարի չմեկնել արտագնա աշխատանքի, քանի որ մեկնածների մեծ մասը չի կարողանում նորմալ վաստակել, իսկ  նրանց սոցիալական վիճակն ավելի է վատթարանում, քանի որ անկումը հիմնականում հենց այն ոլորտներում է, որոնցում զբաղված են մեր հայրենակիցները:

Ժողովրդագիրը նաեւ լուրջ ակնկալիքներ չունի է այս օրերին Հայաստանի միգրացիոն պետական ծառայության կողմից «սև ցուցակներում» հայտնվածների դիմումների հավաքագրումից: Ավելի ճիշտ տարբերակ նա համարում է համաներումը: Եթե այն լինի, դրանից հետո արդեն մեր աշխատանքային միգրանտները կսկսեն հետևել խստացված օրենքներին ավելի զգուշավորությամբ ու իրազեկման ավելի բարձր մակարդակով:

Back to top button