ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

ԱԳ նախկին նախարար. «Նեղացեք Նազարբաևից , Մերկելից մի նեղացեք»

lusinevasilyan

Քաղաքական ու մասնագիտական  շրջանակները շարունակում են գնահատել Ցեղասպանությանը վերաբերող միջազգային փաստաթղթերի քաղաքական, իրավական, բարոյական նշանակությունը: Հուսանք, որ Թուրքիայի  ոչ ադեկվատ գործողությունները կշարունակվեն և էլ ավելի հակադարձ արձագանքներ  կառաջացնեն քաղաքակիրթ աշխարհում, այսօր ասել է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի՝ թուրքական արձագանքների մասին: Նա Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն աննախադեպ չի համարում, բայց կարծում է, որ այն լուրջ շեշտադրումներ ունի: Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանն էլ կարևորում է փաստաթղթի բարոյաքաղաքական նշանակությունը  և կարծում, որ  այն  կարող է ազդել նաև իրավական գործընթացների վրա:

Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի մասնագետ  Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի անտեսի  Եվրախորհրադարանի ընդունած բանաձևը, և Փերինչեքի գործով սպասվող վճիռը կկայացնի հենց այդ փաստաթղթի ոգով: «Եվրոպական դատարանի Փոքր  պալատը, իմ համոզմամբ, վերազանցելով իր լիազորությունները, կասակածի տակ է դրել Ցեղասպանսության եղելության  փաստը: Ինձ առանձնապես չի հետաքրքրում այն հարցը, թե խախտվել են Փերինչեքի իրավուքները, թե՝ ոչ: Մտահոգիչը որոշման  համատեքստն էր, թե  Հայոց ցեղասպանությունն ընդամենը 22 պետություն է ճանաչել, թե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Ցեղասպանությունը հերքելու համար նախատեսված պատասխանատվությունը»:

Հիշեցնենք, 2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր  Ցեղասպանության հերքման , մասնավորապես այն  «միջազգային սուտ» որակելու համար, հետո դիմել էր Եվրոպական դատարան և շահել գործը. ՄԻԵԴ-ը շվեյցարական օրենքը  համարել էր  խոսքի ազատության սկզբունքի խախտում:  Դրանից հետո էլ Շվեյցարիան էր բողոքարկել Եվրոպական դատարանի որոշումը: Գերագույն պալատը դատալսումներն ավարտել է և անցել փակ խորհրդարկցությունների փուլ: Վճիռը դեռ առջևում է:

«Հուսով եմ, որ Եվրախորհրդարանի բանաձևը, Հռոմի Պապի հայտարարությունը բարոյաքաղաքական և իրավական լուրջ հիմնապաստառ են ստեղծում ՄԻԵԴ որոշման վերանյաման համար»,- ասում է Վլադիմիր Վարդանյանը։

Ընդհանուր առմամբ ՝ միջազգային իրավունքի մասնագետը Եվրախորհրդարանի փաստաթուղը բարոյաքաղաքական կարևոր նշանակության է համարում և կարծում, որ  այն  կարող է ազդել նաև իրավական գործընթացների վրա:

Առաջին անգամ է, որ այս գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես սուբյեկտ՝ այս դիտարկումն էլ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի ընդունման առիթով անում  է  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա կարծիքով ՝ փաստաթուղթն աննախադեպ չէ, բայց   դրանում  կարևոր շեշտադրումներ կան, որոնք   զարգացում են պահանջում:

« Պետք է գիտակցենք, որ այնպես չէ, որ ապրիլի 25-ին արթնանալու ենք և ամբողջ աշխարհը ճանաչած է լինելու Հայոց ցեղասպանությունը, մեր բոլոր պահանջները բավարարված են լինելու: Սա  գործընթաց է, քայլ առ քայլ պետք է հասնենք այն ժամանակներին, որ Թուրքիան առերեսվի իր պատմությանը»:

Որ Թուրքիան վերանայելու է իր դիրքրոշումը, Արզումայնաը կասկած չունի, բայց համոզված է նաև, որ սա ժամանակ և լուրջ ջանքեր է պահանջում: Թուրքիայի այսօրվա արձագանքը Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերին առայժմ ոչ միայն ադեկվատ չէ, այլև տեղ-տեղ անհասկանալի է:

Թուրքիան ամեն տարի ապրիլին  պաշտոնյաներ է գործուղում Վաշինգտոն՝ կանխելու համար ոչ նպաստավոր բանաձևերի ընդունումը կամ Ցեղասպանություն բառի արտաբերումը նախագահի կողմից: Թե ինչ հաջողություն կունենա այս անգամ, դեռ պարզ չէ, բայց փոփոխություն նախորդ տարիների համեմատ Արզումանյանը տեսնում է:

«Հիմա լուրջ քննարկումներ են գնում՝ մի մասը պնդում է, որ Օբաման ցեղասպանությունը բառը պետք է ասի, իսկ մյուս մասը պնդում է՝ դեռ ժամանակը չէ: Նման դիսկուրս նախորդ տարիներին չի եղել և իսկապես նախորդ տարիներից տարբերվող վիճակ է»:

«Կարտասանի Օբաման Ցեղասպանություն բառը, թե՝ ոչ» ինտրիգի դեմ  Ալեքսնադր Արզումանյանը ոչինչ չունի, բայց մի դիտարկում է անում. Միացյալ Նահանգներին ու Եվրոպային այդքան պահանջներ ներկայացնելիս՝ չմոռանանք մեր եվրասիական գործընեկրներին: «Ինչո՞ւ ենք նեղանում, որ Մերկելը չի գալիս Հայաստան, Նազարբաեւն ու Լուկաշենկոն էլ չեն գալիս, ինչո՞ւ չենք նեղանում: Նեղացեք Նազարբաևից , Մերկելից մի նեղացեք»։

Back to top button