
Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուի հետ:
Կողմերը քննարկել են հայ-հունական երկկողմ հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակը երկուստեք արժանացել է բարձր գնահատանքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման հնարավորություններին:
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են խորհրդարանական ձևաչափին:
Հունաստանի խորհրդարանի նախագահը հաստատել է, որ կայցելի Հայաստան` Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի միջոցառումներին Հունաստանը ներկայացնելու նպատակով:
Հանդիպման ավարտին Զոի Կոնստադոպուլուն վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և էլ ավելի զարգացնելու իր պատրաստակամությունը:




