Տնտեսական

Ազգային ժողովի նախագահը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին: Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը. դրանք թույլ են տալիս քննարկել այն հրատապ հարցերը, որոնց մասնակից երկրներն առնչվում են գրեթե ամեն օր:

Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ընձեռում առեւտրատնտեսական ոլորտում միջպետական համագործակցության խորացման համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, դարձավ մոտ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Այս փաստը ներդրումների համար մեր երկրները դարձնում է գրավիչ:

Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է նաեւ, որ ԵՏՄ-ի կարեւորագույն ձեռքբերումներից է մաքսային արգելքների վերացումը, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս նվազեցնելու ֆինանսական ծախսերը եւ առեւտրային գործառույթների ժամկետները: Նա նշել է, որ պետք է ջանալ, որպեսզի եվրասիական ընդհանուր շուկան գործի ունիվերսալ, թափանցիկ եւ հասկանալի օրենսդրությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ առաջիկա տարիներին այս ուղղությամբ անելիքները շատ են եւ այդ ընթացքում պետք է առաջնորդվել ԵՏՄ պայմանագրով:

Կարդացեք նաև

Back to top button