«Ձեզ համար կանայք» ակցիային այս տարի դիմել է ավելի քան 30 հազար կին
Շնորհակալությունների շարք՝ Երևանի քաղաքապետարանում, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այսօր ամփոփել է «Ձեզ համար կանայք» ակցիան, որն արդեն երրորդ տարին է, ինչ մայրաքաղաքում անցկացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ: Փոխքաղաքապետը շնորհակալ է և առողջապահական հաստատություններից՝ անկախ սեփականության ձևից, և լրատվամիջոցներից, որոնք լուսաբանել են ակցիան: Դավիթ Օհանյանը հայտարարել է, որ ակցիայի շրջանակներում Երևանի բյուջեից որևէ դրամ չի ծախսվել, սպասարկումն իրականացրել են առողջապահական հաստատությունները: Ի դեպ, այսօր նաև պարզ է դարձել, որ հայ տղամարդիկ դժգոհ են, որ իրենց համար նման ակցիաներ չեն կազմակերպվում: Երևանի քաղաքապետարանը նմանատիպ ակցիա կկազմակերպի նաև ամռանը՝ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում անվճար բուժսպասարկում կստանան նաև տղամարդիկ:
Կանայք գոհ են , տղամարդիկ դժգոհ՝ ավարտվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցակցվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան: Այն ինքնանպատակ չի կազմակերպվում, փորձ է արվում հայ հասարակությունում սեփական առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինելու մշակույթ ձևավորել: Երևանի քաղաքապետարանին դա ինչ որ կերպ հաջողվել է՝ տարեցտարի ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է,- ասում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ պարզաբանելով,՝ առողջապահական հետազոտությունների ուղղությունները պատահական չեն ընտրվել՝ ակնաբուժական, գինեկոլոգիական հետազոտություններ ու վիրահատություններ, ուղղություններ, որոնց պահանջարկն ավելի մեծ է: Ի դեպ, տարեցտարի վիրահատության կարիք ունեցողների թիվը նվազում է, սա ժամանակին առողջապահական հիմնարկ դիմելու մասին է խոսում:
Այժմ թվերով, թե քանի կին է մասնակցել « Ձեզ համար, կանայք» ակցիային՝ վերջին երեք տարիների ընթացքում: Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյան.
«Եթե 2013թ ակցիային մասնակցել է ընդամենը 5371 կին, 2014-ին՝ 26 144 մարդ, ահա 2015թ ակցիային մասնակցել է 30 090 կին, վիրահատությունների թիվը հերթագրվածների հետ միասին կկազմի 1065 կին»:
Այս ընթացքում դժգոհողներ նույնպես եղել են, փոխքաղաքապետի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում ստացել են 21 դիմում բողոք , յուրաքանչյուր դիմում մանրամասն են ուսումնասիրում Ընդհանուր առմամբ, դիմում բողոքները քաղաքպետարանի ներկայացուցիչը երեք ուղղությունների է բաժանում: Բնակիչների մի խումբը մարդիկ են, ովքեր անտեղյակ են եղել ու պահանջել են վիրահատություններ,որոնք ակցիայի շրջանակներում չեն սպասարկվել, երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր բժշկի կողմից չեն ունեցել վիրահատության ցուցում, սակայն, պահանջել են են անվճար վիրահատություն՝ ակցիայի շրջանակներում, և երրորդ խմբում դժվարամատչելի ծառայություններից օգտվել ցանկացողներն են, ովքեր նույնպես չեն սպասարկվել ակցիայի շրջանակներում: Երբեմն, սակայն, ընդառաջ են գնացել ու սպասարկել կանանց: Դժգոհողների ևս մեկ խումբ,ներկայացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյան
«Բողոքների մեջ ես ուղղակի չասացի տղամարդկանց բողոքները, ովքեր ուզում էին իրենք էլ օգտվել ակցիայի շրջանակներում: Այդ առումով Երևանի քաղաքապետի կողմից տարվա ընթացքում երկու առողջապահական ակցիա է կազմակերպվում՝ մեկը «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան է՝ միամսյակի շրջանակներում, և երկրորդը՝ կազմակերպվում է «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում»:
Առաջիկա օրերին ու հատկապես ապրիլի 24-ին մայրաքաղաքում առողջապահական հաստատությունները, մասնավորապես, շտապօգնության ծառայությունը կաշխատեն ուժեղացված ռեժիմով: Սա Երևանի քաղաքապետի հանձնարարականն է, իսկ նրա տեղակալը ընդհանրապես ու հատկապես այս օրերին երևանցիներին կոչ է անում զերծ մնալ շտապօգնության անհարկի կանչերից ու հորդորում է գլխացավ ունենալու կամ էլ զարկերակային ճնշում չափելու համար շտապօգնություն չկանչել: