Վատիկանի սուրբ Պետրոսի պաճարում Մեծ եղեռնի ամեղ զոհերի հոգիների հանգստության համար մատուցված պատարագն ու Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ»- ի կոչում շնորհելու արարողությանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից « ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հուսախաբություն է առաջացրել Թուրքիայի իշխանությունների մոտ, քանի որ նախապես հստակեցված է եղել, որ Հռոմի պապը չի օգտագործելու ցեղասպանություն բառը։
Անկարայի հույսերը, սակայն, հօդս ցնդեցին. թուրքական իշխանություններն ու ԶԼՄ- ները ցնցումներ են դրսևորում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ մտավորական Ռոբեր Հատեճյանը։
Պատարագը գերազանցել է սպասելիքները, աննախադեպ էր արարողությունը, ինչին չդիմացավ Թուրքիան ու անմիջապես գործի անցավ։ Ֆրանցիսկոս պեպը շատ լավ գիտեր, որ ռիսկի է դիմում իր այդ քայլով։ Քիչ էր, որ պատարագ մատուցվեց եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար, Գրիգոր Նարեկացին հռչակվեց տիեզերական վարդապետ, դեռ մի բան էլ ի լուր աշխարհի Հռոմի պապը հայտարարեց, որ 1915 թվականին կատարվածը 20- րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։
Պոլսահայ մտավորականը հիացած է պատարագով, այն փայլուն կազմակերպված արարողություն էր, ասաց։ «Երգեցողության հրաշք կատարում, հայկական ծիսակատարությունները փայլուն էին»,- ընդգծում է։
Ի տարբերություն իշխանությունների՝ թուրք ժողովուրդն այդքան էլ մտահոգված չէ Հռոմի պապի հայտարարությամբ: Նրանք այս օրերին, ըստ Ռոբեր Հատեճյանի, զբաղված են հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններով։