

Որքանո°վ է մոտ Իրան-վեցնյակ բանակցությունների հանգուցալուծումը, կարող են արդյոք նոր խոչընդոտները խանգարել վերջնական համաձայնությունների ձեռք բերմանը և վերջապես նոր իրավիճակում ինչ է շահելու Հայաստանը. այս հարցերն այսօր քննարկել են իրանագետները: Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ գերակշռողը եղել է այն մոտեցումը, որ Իրանի շուրջ ստեղծվող նոր իրավիճակը շահեկան է Հայաստանի համար, այլ բան, թե որքանով մեր երկիրը կկարողանա կամ կցանկանա օգտվել նոր հնարավորությունից:
Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Եվրոպական միության միջև երկարատև բանակցությունների արդյունքում օրերս ձեռք բերված համաձայնությունը վերլուծաբանները շտապեցին պատմական որակել և այն համարել լուրջ քայլ համապարփակ պայմանագրի ձեռքբերման ճանապարհին: Համենայն դեպս , հայտնի է որ կողմերը տարիներ շարունակվող բանակցությունների արդյուքնում համաձայնության են եկել միջուկային պայմանագրի հիմնական կետերի շուրջ: Ակնկալվում է, որ փաստաթուղթը կմշակվի ու կստորագրվի մինչև հունիսի 30-ը: Իրանի իշխանությունները պարտավորվում են սահմանափակել ուրանի հաստացման ծրագիրը, իսկ միջազգային միջնորդները՝ չեղյալ հայտարարել Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական և քաղաքական պատժամիջոցները:
Վերջնական համաձայնությունը այդուհանդերձ կկայանա, քանի որ երկու կողմերն էլ շահագրգիռ են համաձայնության գալու հարցում ՝ դիտարևկելով գործընթացի իրատեսականությունն ասում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Բնականաբար, ցանկացած բանակցային փուլ ինչ-որ առումով նման է առևտրային հարաբերությունների և յուրաքանչյուր կողմ փորձում է ամրացնել իր դիրքերն ավելի կոշտ հռետորաբանությամբ ու դիրքորոշմամբ, բայց համաձայնությունը կկայանա»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նույնպես Իրան-վեցնյակ համաձայնագրի կնքման հավանականությունը մեծ է համարում, ասում է՝ խոչընդոտներ շատ կլինեն, օրինակ Իսրայելի կողմից կամ ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների արդյունքում հնարավոր փոփոխություններով պայմանավորված, բայց պայմանագիրը կյանքի կկոչվի: Իրանի նախագահի վերջին հայտարարությունը, թե ուրանի հարստացման մասին համաձայնագիր կստորագրի միայն պատժամիջոցների անհապաղ չեղյալ հայտարարման դեպքում, Ստեփան Գրիգորյանը արդարացի պահանջ է համարում:
«Ես կարծում եմ, որ Իրանի պահանջը արդարացի է, և պատժամիջոցները պետք է անմիջապես և լիովին հանվեն, եթե համաձայնագիրը ստորագրվի»:
Այն հարցում, որ սա արդարացի պահանջ է, վերապահումներ ունի իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Վերլուծաբանը հիշեցնում է՝ նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել փուլային տաբերակի շուրջ:
«Համաձայնությունը այսպիսին էր ՝ մենք իջեցնում ենք ուրանի հարստացումը, դուք դրան զուգահեռ հանում եք պատժամիջոցները Այժմ իրանական կողմը այլ հռետորաբանություն է գործածում, որ պատժամիջոցները միանվագ, միանգամից հանվեն»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ համապարփակ կարգավորումը կնպաստի նաև տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը: Ի°նչ են կարծում վերլուծաբանները, ինչ կտա այս համաձայնությունը Իրան-Հայաստան հարաբերություններին:
Իրանագետ Վարդան Ոսկանյան:
«Ես կարծում եմ գործընթացը երկսայրի սրի նման է: Կարող են լինել օգտակար զարգացումներ՝ տնտեսական տարբեր նախագծերի գործարկման կամ վերագործարկման: Բայց կարող է նաև մեկուսացումից դուրս եկած Իրանը երկրորդայան դեր հատկացնել Հայաստանի հետ հարաբերություններին»:
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանային տեսանկյունից Իրանի ուժեղացումը, մեկուսկացումից դուրս գալը Հայաստանի օգտին է: Նրա դիտարկմամբ՝պատժամիջոցների հանումը թույլ կտա մեծացնել հայ- տնտեսական համագործակցության ծավալները: Վարդան Ոսկանյանը նույնպես կարծում է, որ տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացումը շահեկան է Հայաստանի համար, այլ բան, թե որքանով մեր երկիրը կկարողանա կամ կցանկանա օգտվել նոր հնարավորությունից:




