Ցեղասպանություն 100

Թովմաս Պողոսյանն առաջին անգամ տեսահոլովակ է նկարահանել

karenghazaryan
2015-ի գլխավոր խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: «Սայաթ-Նովա մշակութային միությունը» անմասն չէ  եւ իր ծրագրերում գլխավոր թեմա է ընտրել այդ խորհուրդը: Ապրիլի 12-ին ժամը 19-ին «Սայաթ-Նովա» մշակութային միությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանը:

Թովմաս Պողոսյանն առաջին անգամ տեսահոլովակ է նկարահանել: Ժողովրդական «Դլե յաման» երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 12-ին կազմակերպվելիք երեկույթի ժամանակ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Առաջին հայացքից «Դլե յաման»-ը ժողովրդական սիրային երգ է, բայց ժամանակի հոլովույթում այն ձեռք բերեց համազգային ցավի, վշտի արտահայտություն, եւ ես այս իմաստով է, որ շատ խորը բան տեսա ու որոշեցի «Դլե յամանը» երգել եւ նկարել տեսահոլովակ հենց այս թեմայի շրջանակում»:

Ապրիլի 12-ի երեկոյի ժամանակ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը կներկայացնի բացառապես հիշատակի ու ոգեկոչման երգեր՝ անցյալի ու մեր ժամանակների աշուղների ստեղծագործություններից: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանի փոխանցմամբ՝ ազգային գաղափարախոսության եւ  ազգային ինքնագիտակցության արթնացման թեման հայ աշուղական երգարվեստ մուտք գործեց հատկապես աշուղ Ջիվանիով: Նա հետագայում ունեցավ իր նշանավոր հետնորդները: Թովմաս Պողոսյանի խոսքով՝ աշուղական երգարվեստի այս տարվա հիմնական ասելիքը դա է լինելու:

Թովմաս Պողոսյանն ասաց, որ իր համար ամենակարեւոր միջոցառումներից մեկը կատարելու է հայ առաքելական եկեղեցին՝ մեր անմեղ նահատակներին սրբադասելով: Դա մեր պատմության մեջ աննախադեպ երեւույթ է, քանի որ առնվազն 600 եւ ավելի տարիներ ի վեր սրբադասման արարողություն տեղի չի ունեցել: Թովմաս Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող միջոցառումներից զատ մենք մի գերխնդիր ունենք: Դա ազգովի միաբանվելն է, հզորանալը, որի առկայությամբ է միայն հնարավոր սեփական ուժերով խնդիրների լուծումը:

Back to top button