Ցեղասպանություն 100

100 ամյա Արեգնազ Գրիգորյանի հուշերը՝ ցեղասպանության մասին

satikisahakyan
Արեգնազ Գրիգորյանը ցեղասպանությունից վերապրածներից է, շուտով կբոլորի  նրա 100 տարին, ծնունդով ալանցի է: Ցեղասպանության մասին լսել է ծնողներից, որոնք կոտորածից փրկվելով հաստատվել են Ախուրյանի այս ափին: Երկու ավագ  եղբայրները սպանվել են  մյուս հարազատների հետ, իսկ Հայաստան են հասել 5 հոգով:
 Արեգնազ տատիկին հանրապետության նախագահի կողմից հանձնվել է մեկ միլիոն դրամի հավաստագիր, ցեղասպանության 100 ամյա տարելիցի հուշամեդալ և ծաղիկներ:

 

«Ես ծնվել եմ Ալան, Թուրքիա»,- աում է 100- ամյա Արեգնազ տատիկը, ով այժմ ապրում է սահմանամերձ գյուղում, որտեղից ամեն օր  սիրով ու կարոտով նայում է այն հողերին, որոնք թողել են Ախուրյան ու Արաքս գետի աջ ափին,  թաքնվելով ու ծվարելով՝  մազապուրծ հասել արևելյան Հայաստան:  Արեգնազ Գրիգորյանի ծննդավայրը՝ Ալանը, գյուղ է արևմտյան Հայաստանի, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում: Արեգնազ տատիկը իր ծննդավայրի մասին պատմությունները լսել էր  հորից և ամեն օր վերհիշում  ու պատմում է այն մասին, թե ինչպես է փրկվել թուրքի ճիրաններից և ճակատագրի ինչ դիպվածով չի խորովվել ու մոխիր դարձել:

Տատիկի պատմածները 1915 թվականին երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանության մասին է: Ալանի  ջարդերից 1915 թվականին փախել են, հասել Ղարս, այնտեղից էլ Հայաստան: Արեգնազ տատիկը տան կրտսեր երեխան է եղել, երկու եղբայրներին թուրքերը սպանել են, իսկ ինքը ծնողների, քրոջ ու եղբոր հետ փրկվել կոտորածից:

Տատիկը դառնությամբ է վերհիշում այն ամենը, ինչի միջով անցել է իր ընտանիքը, շարունակ վերարտադրելով հոր խոսքերը, ինչը տարիներ շարունակ  հանգիստ չի տվել իրենց, և որի սարսափազդու տեսարանները  շարժանկարի նման անընդհատ անցել են աչքերի  առջևով, հայտնվել, ինչպես տեսիլք, դաջվել՝ մտապատկերում.«Արյուն ու ջուր խառնված իրար սելավի նման երթում էր, էլ հնար չկար»:

Հայաստանում վերահաստատվել են  սահմանի մոտակայքում՝ Անի Պեմզայում, հույս ունենալով կրկին վերադառնալ իրենց տները:

Արեգնազ տատիկը 7 երեխա է ունեցել, որից  ապրում է 2-ը: Արդեն երեք տարի ապրում է Արմավիրի մարզի Բագարան գյուղում, աղջկա տանը: Տատիկը չնայած պատկառելի տարիքին, ավանդապաշտ է և հարգալից վերաբերմունք ունի տան գլխավորի նկատմամբ, նրա ներկայությամբ նույնիսկ հաց չի ուտում:

Ցեղասպանության 100- ամյա տարելիցի կապակցությամբ Արեգնազ տատիկին էին այցելել տեղական իշխանության ներկայացուցիչները: Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը Արեգնազ Գրիգորյանին  հանձնեց նախագահի կողմից տրված մեկ միլիոն դրամի հավաստագիրը, ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշամեդալը, ինչպես նաև ծաղիկներ՝ մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:

Արեգնազ Գրիգորյանը առողջությունից չի դժգոհում, տանն էլ շրջապատված է հոգատարությամբ: Հարազատները պատրաստվում են մեծ շուքով նշել  նրա 100-ամյակը, որպես հիշարժան օր նախընտրել են հունիսի մեկը:

Back to top button