
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
Այցի շրջանակներում ապրիլի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:
Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանրապետության նախագահը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը:
Իտալիայում նախատեսված է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը միջազգային կազմակերպություններից մեկի՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ:
Հանրապետության նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:




