Ցեղասպանություն 100

Ֆրանցիսկոս պապն ապրիլի 24-ին անակնկալ կարող է Հայաստան գալ

Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքը (Բեյրութ) այսօր մեկնում է Հռոմ՝ մասնակցելու Վատիկանում ապրիլի 12-ին կազմակերպված Ֆրանցիսկոս պապի պատարագին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Բացի այդ, այս պատարագը կարևոր է նրանով, որ այնտեղ կհայտարարվի Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհելու մասին: Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի համար սուրբ պատարագի մատուցման ժամանակ էլ կլինի այս արարողությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Զմմառի Մշակութային կենտրոնի տնօրեն Հ. Մովսես Վրդ. Տոնանյանը: Նա տեղեկացրել է, որ այնուհետև պատրիարքը ապրիլի 23-24-ին պետք է գա Հայաստան և մասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հարցին՝ հնարավո՞ր է Հռոմի պապին ապրիլի 24-ին հրավիրեն Հայաստան, հայր Մովսեսը նշել է. «Շատ հավանական է, որ Պապն ընդառաջ գնա: Ինքը պատգամ պետք է տա այդ օրը պատարագի ընթացքում: Պապը պետք է դատապարտի Հայոց ցեղասպանությունը և խնդրի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իմ կարծիքով՝ եթե կաթողիկոսը, Արամ կաթողիկոսը և նախագահը հրավիրեն Հայաստանում ներկա գտնվել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, հնարավոր է՝ Հռոմի պապը գա, եթե այլ պլանավորած բաներ չունենա»,-հավելել է հայր Մովսեսը:

Նրա խոսքով՝ մեծ բան կլինի, եթե Հռոմի պապը մասնակցի ապրիլի 24-ին, բայց ամսի 12-ին Պապի պատարագի պատգամն էլ է կարևոր. ինչ պետք է ասի Հռոմի պապը, և եթե շատ կարևոր բան ասի պատգամի մեջ, արդեն իսկ մեծ դեր խաղացած կլինի: «Սա էլ մեծ բան է, բայց վստահաբար թե կաթողիկոսների և թե նախագահի փափագն է, որ Պապը Հայաստան գա: Նա կարող է անակնկալ որոշել և գալ»,- հավելեց նա:

Back to top button