Հասարակություն

Երեւանի ամենահին հուշարձանը մզկիթն է. մասնագետ

lenabadeyan
Ցեղասպանության 100 ամյա տարելիցից առաջ շատ է խոսվում, թե ինչ է կորցրել հայ ժողովուրդը այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ, բայց այս ամենի հետ մեկտեղ շատ քիչ է խոսվում հայ ազգի պատմամշակութային ժառանգության կորստի մասին: Հազարավոր պատմամշակութային արժեքներ հայ ազգը կորցրել է եւ դեռ կորցնում է ոչ միայն հարեւան երկրներում, այլեւ՝ հենց Հայաստանում: Հայագետ, նախիջեւանագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազայնն առաջարկում է գոնե հիմա ցուցակագրել մեր ունեցվածքը՝ ոչ միայն պահպանելու, այլեւ՝ հետագայում ճիշտ օգտագործելու համար:

 

Խիստ մոտավոր տվյալներով Արեւմտյան Հայաստանի տարածքում մենք ունեցել ենք ավելի քան 180 հազար հայկական նյութական ժառանգության հուշարձաններ: Դրանցից կորստյան է մատվել արդեն 96-97 տոկոսը, ասում է հայագետ, նախիջեւանագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազայնը եւ ահազանգում՝ եւս 30 տարի հետո Արեւմտյան Հայաստանում հայերի մասին հիշեցնող պատմամշակութային ժառանգությունից գրեթե ոչինչ չի մնալու:

«Մեր երկու հարեւան պետությունները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, հետամուտ են եղել, լինում եւ լինելու են հայկական հետքը ավերելու համար: Այն, ինչ այսօր կա Արեւմտյան Հայաստանի տարածքում 30-40 տարի հետո մնալու է ընդամենը այդ եղածի 5-10 տոկոսը: Տեսեք, Նախիջեւանի հուշարձաններն ավերեցին 27 հազար, մենք պետականորեն ոչինչ չկարողացանք անել: Այսպես չի կարելի»:

Հայաստանի մեկ այլ հարեւան՝ Վրաստանում, ծայրահեղ դրսեւորումներ չկան հայկական հուշարձանների հանդեպ, բայց մտահոգիչ զարգացումներ, նույնպես լինում են: Միակ երկիրը Իրանն է, որ հավուր պատշաճի պահպանում է հայկական հուշարձանները, ասում է Արգամ Այվազյանը: վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը կորցրեց եւս 5-6 պատմամշակութային հուշարձան սիրիական եւ մերձավոր արեւելքի այլ դեպքերի ժամանակ: Դիմացինին մեղադրելուց առաջ, սակայն, նախ խոստովանենք, որ Հայաստանը կորցնում է ոչ միայն «դրսում», այլեւ՝ «ներսում»:

«Վերջին 100 տարվա կտրվածքով ՀՀ տարածքում ավերվել են դարձյալ բավականին շատ հուշարձաններ: Հիմնականում հնագիտական հուշարձաններ: Ես հիշում եմ, 1982-83 թվականներին հնագետներից այժմ հանգուցյալ Սանդրո Սարդարյանը հրապարակեց մի ցանկ, մոտավորապես 250-ի հասնող հնագիտական հուշարձաններ, որ ավերվել են ՀՀ տարածքում: Ցավոք սրտի, հնագիտական հուշարձանների կործանումը դադար չունի այսօր էլ»:

Այսօրվա դրությամբ ՀՀ տարածքում 24 հազարի հասնող հուշարձան կա, որոնց զգալի մասը տրված է եկեղեցուն՝ օգտագործման համար, իսկ պետական պահպանության ոչ օտարման ենթակա հուշարձանների թվաքանակը 19 հազարից քիչ ավելին է: Այելեւս արդեն նորություն չէ, որ Երեւանի հենց կենտրոնում՝ տարբեր տեսակի կառուցապատումներից հետո, ամենահին հուշարձանը մնացել է Մզկիթը: Արգամ Այվազյանը հիշում է, որ տարիներ առաջ հուշարձանների պահպանության հարցում լուրջ էինք մտադրված՝ կային տարբեր բրիգադներ՝ մեկը մաքրում էր հուշարձանների վրա առաջացող խոտածածկույթը, մյուսը վերանորոգում էր ճաքերը, երրորդը՝ մեկ այլ պարտավորություն ուներ: Ընդհանրապես կառույցն էր ավելի բարձր մակարդակի, հետո աստիճանաբար Կառավարության առընթեր մարմնի իրավունքը կորցրեց եւ այլն, եւ այլն, հիմա  ստացել է պարզապես գործակալության կարգավիճակ:

«Իմ կարծիքով այդ կառուցվածքը պետք է Մշակույթի նախարարության ենթակայությունից հանել, ստեղծել առանձին կոմիտե կամ վարչություն, վերադառնալ նախկին կառուցվածքին: Խնդիրները բազում են: Հանրապետությունից դուրս մեր ձեռքերը շատ կարճ են, դա պետք է փաստել: Անցյալ տարի ես հրապարակեցի մի կոչ 10 միլիոն հասցեով, որպեսզի կարողանանք ստեղծել համահայկական մի կառույց, այդ թվում նաեւ հենց Թուրքիայի տարածքում, որը պետք է ֆինանսավորում ունենա ՀՀ, եկեղեցու, անհատների, մեր անդամավճարների միջոցով: Կարողանանք տեղում գոնե պահպանության խնդիրները լուծել»:

Իսկ պահպանության խնդիրները լուծելու համար, առաջին հերթին, ըստ Արգամ Այվազյանի՝  պետք է ցուցակագրել ունեցվածքը՝ ոչ միայն պահպանելու, այլեւ հետագայում ճիշտ օգտագործելու համար: Ինչ վերաբերում է կոչին, ապա Արգամ Այվազյանի առաջարկին այդպես էլ ոչ ոք չի արձագանքել:

Back to top button