Միջազգային

Իրանի նախագահը խոստանում է կատարել համաձայնությունները, սակայն ամերիկացիները արդիականացնում են իրենց զենքը

Ռոուհանի. Մենք կարող ենք համագործակցել աշխարհի հետ

Իրանի նահագահ Հասան Ռոուհանին վստահեցրել է, որ իր երկիրը կկատարի միջուկային համաձայնությունների նախնական պահանջները, եթե նաեւ վեցյակի գործընկերները չխախտեն դրանք։ ՙԱշխարհը պետք է հստակ իմանա, որ մենք մտադիր չենք ոչ մեկին խաբել՚,- հայտարարել է նա իր հեռւստաուղերձում։

Ռոուհանին միաժամանակ նախազգուշացրել է, որ Իրանը հնարավորություն ունի այլ կերպ գործել, եթե տերությունները ՙմի գեղեցիկ օր որոշեն այլ ուղիով գնալ՚,- նրա խոսքերն է մեջբերում Բի Բի Սի- ն։

Հինգշաբթի ստորագրված նախնական շրջանակային համաձայնագիրը նախատեսում է կրճատել իրանական միջուկային ծրագրերը՝ Թեհանի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելու դիմաց։

Նախագահ Ռոուհանին կրկին հայտարարել է իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին։ ՙՄենք երկերեսանի չենք՚,- ասել է նա՝ խոստանալով պահպանել ստորագրված համաձայնության բոլոր պահանջները։

Ռոուհանին նաեւ ընդգծել է, որ աշխարհն արդեն ճանաչել է Իրանի՝ սեփական երկրում ուրանի հարստացման իրավունքը եւ խոստացել, որ այդ աշխատանքները ոչ մի այլ երկրի վտանգ չեն սպառնա։

ՙՈւրանի հարստացումը եւ միջուկային տեխնոլոգիաների մշակման բոլոր աշխատանքները արվում են Իրանի զարգացման համար։ Դրանք ուղղված չեն տարածաշրջանի եւ աշխարհի ոչ մի երկրի դեմ՚,- ասել է նա։

Ռոուհանին նշել է, որ այս օրը պատմական է իրանական ժողովրդի համար։ ՙԻնչ- որ մեկը կարծում է, որ մենք կարող են միայն կռվել կամ ենթարկվել համաշխարհային տերություններին։ Մենք մերժում ենք եւ մեկը, եւ մյուսը։ Մեզ համար կա երրորդ ուղի։ Մենք կարող ենք համագործակցել աշխարհի հետ՚,-  ասել է Իրանի նախագահը։

Նեթանյահու. Իրանը ՙհստակ եւ աներկբա՚ պետք է ճանաչի Իսրայելի գոյության իրավունքը
Համաձայնագրերը ստորագրելուց առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել  էր, որ այն լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի եւ հատկապես իր երկրի համար։

Նա պնդում էր, որ ցանկացած համաձայնագիր պետք է ամրագրեր Իրանի կողմից ՙԻսրայելի գոյության իրավունքի հստակ եւ աներկբա ճանաչում՚։

ՙԻսրայելը չի ճանաչում ոչ մի համաձայնագիր, որը թույլ կտա մեզ ոչնչացնել սպառնացող երկրին զարգացնել միջուկային զենքը՚,- հայտարարել է նա։

Պենտագոնը արդականացնում է ամենահզոր զենքը
Ամերիկյան ԶԼՄ- երը հայտնում են, որ Պենտագոնը աշխատանքներ է տանում գոյություն ունեցող հակաբունկերային ամենահզոր ռումբերի արդիականացման ուղղությամբ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տապալման դեպքում ամերիկացի զինվորականները պատրաստ են ոչնչացնել այս երկրի ամենապաշտպանված միջուկային օբյեկտները, գրում է The Wall Street Journal- ը՝ իր անանուն աղբյուրները վկայակոչելով։

Time հանդեսի տեղեկությամբ՝ խոսքը 13,5 տոննա հզորությամբ  GBU-57 ռումբի մասին է։ Նման 20 ռումբի արտադրության համար Պենտագոնը ծախսել է 300 մլն դոլար։ Զինվորականները նշում են,  որ այս ռումբը հակաբունկերային եւ միջուկային զենքերի միջեւ ՙկամուրջ է հանդիսանում՚։

 

 

 

 

Back to top button